Հայաստանում արհեստական բանականության կիրառմամաբ լաբորատոր տվյալների
վերլուծության առաջին նորարական լուծում ներկայացնելու նպատակով հունիսի 4-ին
կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Docus ընկերության համահիմնադիր և տնօրեն Ռոբերտ Սարգսյանը և «Բլադ Սելս» լաբորատորիաների հիմնադիր և տնօրեն Արման Հովհաննիսյանը:
Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։
«Մեր նպատակն է՝ արհեստական բանականությունն ինտեգրել Հայաստանի
առողջապահական համակարգում, որից կշահեն բոլորը։ Քաղաքացիներին մեր լուծումը թույլ կտա ստանալ իրենց բժշկական հետազոտությունների պարզ և հասկանալի բացատրությունները։ Հարթակի միջոցով հնարավոր կլինի հետևել առողջական ցուցանիշների փոփոխություններին և ուղղորդվել համապատասխան մասնագետի մոտ։ Արհեստական բանականության վրա հիմնված հիշեցումները կծառայեն որպես կամուրջ բժշկի և բուժառուի միջև։ Սա կխթանի կանխարգելիչ բժշկությունը և կնպաստի ավելի գիտակցական մոտեցմանը սեփական առողջության նկատմամբ։ Բժիշկներին մեր համակարգը տրամադրում է խորը կլինիկական վերլուծություն։ Այն հաշվի է առնում բուժառուի ներկա առողջական վիճակը և բժշկական պատմությունը, որի արդյունքում տրամադրում է շեղված արդյունքների հնարավոր մեկնաբանություններ, դիֆերենցիալ ախտորոշման առաջարկություններ և լրացուցիչ հետազոտություններ։ Այս ամենը օգնում է ճշգրիտ ախտորոշմանը և բուժման օպտիմալ ռազմավարության մշակմանը։ Մեր գործիքը կխնայի բժիշկների ժամանակը և կնպաստի մեր երկրի առողջապահության ծառայությունների որակի բարձրացմանը»,- ասել է Ռոբերտ Սարգսյանը:
«Առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրումը կարևոր
քայլ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին լինելու տեխնոլոգիական
զարգացումների առաջատար շարքում։ Նման նորարար լուծումները ոչ միայն ամրապնդում են բժիշկ-բուժառու կապը, այլև նպաստում բուժառուների անհատականացված և ավելի արդյունավետ սպասարկմանը, ձևավորում են առողջության հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ,
նպաստում առողջապահական մշակույթի և ինչու ոչ նաև բժշկական տուրիզմի
զարգացմանը։ Ուրախ ենք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ, որոնք նպաստում են պետության առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը և բնակչության առողջության բարելավմանը։ Այս քայլը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է տեխնոլոգիական նորարարություններին և ակտիվորեն աշխատում է առողջապահության ապագան կառուցելու ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում է արհեստական բանականությամբ աշխատող լաբորատոր տվյալների վերլուծության համակարգ, որի գործարկումը իրականացվել է «Բլադ Սելս» լաբորատորիաների հետ համագործակցությամբ: Այն թույլ է տվել տեղայնացնել տեխնոլոգիան և ինտեգրել լաբորատոր տվյալների վերլուծության պրոցեսին։ Համակարգը ստանում է հիվանդի համաձայնությամբ տրամադրված լաբորատոր վերլուծությունների ամբողջական փաթեթը և վերլուծում Docus-ի սեփական ալգորիթմով՝ բացահայտելով հնարավոր շեղումները։ Համակարգի միջոցով բուժառուն տեսնում է նաև իր առողջական վիճակի փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Համակարգը մատնանշում է շեղումների հնարավոր պատճառները, ռիսկային գործոնները, տրամադրում է ապրելակերպի
բարելավման անհատականացված առաջարկներ, ինչպես նաև առաջարկում է բժիշկներ կամ մասնագետներ տվյալ խնդրի լուծման համար։
«Մեզ համար կարևոր էր Հայաստանում լինել այն առաջինը, որն ապացուցողական
բժշկության ժամանակակից մոտեցումներին համապատասխան լաբորատոր
հետազոտությունների վերլուծություն կտրամադրի բուժառուներին: Լաբորատոր
ոլորտում մեր ունեցած տեխնիկամասնագիտական պոտենցիալը և Docus-ի հետ
համագործակցությունը հնարավորություն տվեց մատուցվող լաբորատոր ծառայությունները բարձրացնել նոր մակարդակի՝ միաժամանակ պարզեցնելով
վերլուծության գործընթացը ինչպես բժիշկների, այնպես էլ մեր այցելուների
համար։ Մենք հավատում ենք, որ այս նորարարությունը կարող է ձևավորել
առողջապահական նոր մշակույթ Հայաստանում՝ խթանելով ավելի տեղեկացված,
պատասխանատու և առողջապահական գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունեցող հասարակության ձևավորումը, ու հենց դրա համար խրախուսում ենք նմանատիպ համակարգի ինտեգրումը Հայաստանի բոլոր բուժհաստատություններում, որը կդառնա առողջապահության ոլորտի համար շրջադարձային քայլ»,- ներկացայցրել է Արման Հովհաննիսյանը:
Ընկերության նպատակներից մեկն է ընդլայնել լուծման կիրառումը Հայաստանի բոլոր
բժշկական հաստատություններում՝ խթանելով բնակչության առողջապահական
գրագիտության բարձրացումը և բժիշկ-բուժառու կապի ամրապնդումը։

