Google-ը ներկայացրել է իր արհեստական ինտելեկտի Gemini 2.0 պլատֆորմի նոր տարբերակը, որը կարող է օգտագործվել AI գործակալներ ստեղծելու համար՝ վիդեոխաղերում խորհուրդների և հուշումների համար։ Գործակալները կարող են վերլուծել խաղը և առաջարկել օպտիմալ ռազմավարություններ, իսկ օգտատերերը կկարողանան առաջարկություններ ստանալ իրական ժամանակում:
Ինչպես ընկերության բլոգում գրել են Google DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսը և տեխնիկական գծով տնօրեն Կորայ Քավուկչուօղլուն, գործակալները «խաղի մասին եզրակացություններ են անում՝ հիմնվելով բացառապես էկրանի գործողությունների վրա և որոշումներ կայացնում իրական ժամանակում»: Նրանք կարող են նաև օգտագործել Google-ի որոնումները՝ ավելի համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար:
Գործակալներն արդեն փորձարկվում են այնպիսի հայտնի խաղերում, ինչպիսիք են Clash of Clans-ը և Hay Day-ը Supercell-ից: Սակայն, ինչպես գրում է The Verge-ը, տեխնոլոգիան զարգացման սկզբնական փուլում է, և դեռ պարզ չէ, թե նման մենթորները որքանով օգտակար կլինեն խաղացողների համար։