Տեխնոլոգիական ոլորտում գլխավոր ռեսուրսը մարդկային ինտելեկտն է: Իսկ թե հայկական տեխնոոլորտի ընկերություններից որոնք են առանձնանում իրենց ինտելեկտով, պարզ դարձավ նոյեմբերի 30-ին՝ ամենամյա IT Intellectual Cup 2024-ի շրջանակում:
IT Intellectual Cup-ը 2019 թվականից սկսած սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջոցով մեկ հարկի տակ է հավաքում ՏՏ ոլորտի գիտակներին՝ անցկացնելով առաջնություն, որի միջոցով մասնակիցները մարզում են իրենց միտքը, նոր կապեր են հաստատում միմյանց հետ, և, իհարկե, հիանալի ժամանակ անցկացնում։ Այս տարի առաջնության մասշտաբներն աննախադեպ էին․ այն իր շուրջն էր հավաքել 70 թիմերի։
Առաջնության կազմակերպիչը Zealous (ԶԵԼԸՍ) ընկերությունն է, իսկ գլխավոր հովանավորը՝ LayerSwap-ը։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի նույնպես IT Intellectual Cup-ի ողջ հասույթը՝ 6.500.000 ՀՀ դրամ, կազամկերպիչները ուղղեցին «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել զենքի մշակույթը՝ կազմակերպելով ուսումնամարզական հավաքներ, դասընթացներ և մրցույթներ։ «Ազատազէն»-ի որոշմամբ հասույթից 500.000 ՀՀ դրամը փոխանցվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամին։
Առաջնության մասնակից թիմերը կազմված էին 4-6 խաղացողներից, ինչպես նաև պահեստային փոխարինող թիմակիցներից։ Թիմերը մրցեցին միմյանց հետ 3 փուլում, ու հենց վերջին փուլում առաջ պոկվելով մրցակիցներից, մրցաշարի հաղթող դարձավ Picsart ընկերությունը, որն էլ պրոֆեսիոնալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակցության հնարավորթյուն ստացավ։ Մրցույթում պատվավոր 2-րդ տեղը VOlO ընկերությանն էր, իսկ 3-րդ տեղի համար Synopsys ընկերությունը հաջողությամբ պայքարեց Siemens ընկերության հետ։
IT Intellectual Cup 2024 միջոցառումն անցկացվեց չափազանց ընկերական ու դրական, միևնույն ժամանակ մարտական մթնոլորտում։ Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և անակնկալ նվերներով։
Դիտե՛ք IT Intellectual Cup 2024-ի մասին մեր ռեպորտաժը՝ ստորև