Նոյեմբերի 8-ից 10-ը, Իմփաքթ Հաբ Գյումրիում տեղի ունեցավ EdTech հեքեթոնը, որը կազմակերպվել էր Իմփաքթ Հաբ Երևանի և Garage48-ի կողմից: Միջոցառումը համախմբել էր Հայաստանի երիտասարդներին, ովքեր նորարար գաղափարներ և տեխնոլոգիական լուծումներ ունեին՝ կրթության ոլորտը զարգացնելու համար։
EdTech հեքըթոնի նպատակն էր խթանել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և երիտասարդներին տրամադրել գործիքներ՝ կրթության ոլորտում իրական փոփոխություններ իրականացնելու համար։
Երեք օրվա ընթացքում մասնակիցները մշակեցին նոր կրթական տեխնոլոգիաների լուծումներ՝ միաժամանակ զարգացնելով բիզնեսի և թվային հմտությունները։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 70 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ծրագրավորողներ, դիզայներներ, ուսուցիչներ և ուսանողներ։
«Այս երիտասարդների ձգտումը՝ կրթական ոլորտը նորարարական գաղափարներով վերափոխելու, հիացմունքի է արժանի։ Այս միջոցառումը կարևոր հարթակ է երիտասարդների համար՝ ներգրավվելու EdTech ոլորտում, կապ հաստատելու փորձառու մասնագետների հետ և հնարավորություն տալու ինքնատիպ գաղափարներին վերածվել կարևոր լուծումների», – նշեց Garage48-ի կողմից նախագծի ղեկավար Քսենիյա Կարպենկովան։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան հայ և էստոնացի հաջողակ հիմնադիրների կողմից մենթորություն։ Նրանք ծանոթացան 21-րդ դարի կարևոր հմտություններին, ինչպիսիք են առաջնորդությունը, ստեղծարարությունը, խնդիրների լուծումը և թվային գրագիտությունը, ինչպես նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց մասնագիտական ցանցը՝ գտնելով նոր հնարավորություններ անձնային և մասնագիտական աճի համար։
«Հրաշալի է տեսնել, թե որքան ոգևորված են Հայաստանի երիտասարդները փոփոխություն իրականացնելու մտքով։ Impact Hub Armenia-ն այն վայրն է, որտեղ փոփոխությունը դառնում է իրական։ Այս հեքեթոնը համախմբել է 70 երիտասարդի Հայաստանի տարբեր անկյուններից՝ ներկայացնելու իրենց գաղափարներն ու լուծումները կրթական ոլորտի բարեփոխման համար», – հավելեց Իմփաքթ Հաբ Երևանից ծրագրերի համակարգող Արուս Սուքիասյանը։
Հաղթող թիմեր և մրցանակներ
Լավագույն թիմերին տրամադրվեց ընդհանուր 4000 եվրոյի դրամական մրցանակ։ Առաջին տեղ զբաղեցրած թիմը՝ «Get Skills»-ը, ստացավ 2000 եվրո, երկրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ «TeachUp», ստացավ 1000 եվրո, իսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ «Paros», ստացավ ևս 1000 եվրո։
Հատուկ մրցանակ (հանդիսատեսի սիրելին) շնորհվեց «Paros» թիմին՝ իրենց նորարարական մոտեցման և բացառիկ գաղափարների համար։ Հաղթող թիմերը նաև ստացան 8 ժամ մենթորություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու նպատակով։