Նիգերիայում փողերի լվացման մեջ մեղադրվող Binance-ի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանը լքել է երկիրը՝ նրա դեմ մեղադրանքը հանելուց հետո։
Մեղադանքը հանելու որոշումը հրապարակվել է Տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովի (EFCC) ներկայացուցիչ դատախազի կողմից հոկտեմբերի 23-ին Աբուջայում Դաշնային բարձրագույն դատարանի փակ նիստի ժամանակ:
Ըստ դատախազի՝ Ղամբարյանն ընդամենը Binance-ի աշխատակից է եղել, որի գործունեության համար դատական հետապնդման է ենթարկվում: Թոփ մենեջերի պաշտպան Մարկ Մորդին համաձայնել է դատախազների հետ՝ ասելով, որ իր հաճախորդը որևէ դերակատարում չունի ընկերության ավելի լայն ֆինանսական որոշումներում:
Ընտանիքի խոսնակը հինգշաբթի CoinDesk-ին հաստատել է, որ նա ազատ է արձակվել Քուջե բանտից, այնուհետև դուրս է եկել Նիգերիայից:
Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է բանտում գտնվելու ժամանակ։ Գրավի վերաբերյալ նրա դիմումները մերժվել են, սակայն արտերկրում բժշկական օգնություն ստանալու համար նրա ազատ արձակումը հաստատվել է միայն հոկտեմբերի 23-ին։
«Մենք խորը թեթևացում ենք զգում և շնորհակալ ենք, որ Նիգերիայում գրեթե ութ ամիս ազատազրկումից հետո Տիգրան Ղամբարյանը վերջապես ազատ է արձակվել։ Նրա առողջությունն ու բարեկեցությունը մնում են մեր առաջնահերթությունը, և մենք երախտապարտ ենք, որ նա այժմ կարող է իր ընտանիքի հետ ստանալ իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հանգիստը», -ասել է Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը։
Հիշեցնենք, որ Binance-ի հետախուզության և հետաքննության գլոբալ ղեկավար Տիգրան Ղամբարյանը Նիգերիայում կալանքի տակ է գտնվում փետրվարից, երբ նա երկիր էր եկել կառավարության հրավերով՝ քննարկելու ընկերության հետ կապված հարցեր։