Meta ընկերությունն առաջին անգամ իր պատմության մեջ որոշել է շահաբաժիններ վճարել: Ընկերությունը հայտարարել է եռամսյակային շահաբաժինների վճարման մասին՝ մեկ բաժնետոմսին 50 ցենտի չափով՝ նախատեսված A և B դասի բաժենտոմսերի համար: Շահաբաժինների վճարումը տեղի կունենա մարտին:
Արդյունքում, ընկերության հիմնադիր և CEO Մարկ Ցուկերբերգը, որին պատկանում են Meta-ի 350 մլն բաժնետոմս (13%-ը), 175 մլն դոլար շահաբաժին կստանա: Սա տարեկան կտրվածքով Ցուկերբերգին կապահովի 700 մլն դոլար:
Meta ընկերությունը առաջին անգամ է շահաբաժիններ վճարելու, ինչը կարևոր շրջադարձ է ընկերության զարգացման պատմության մեջ: Սովորաբար, տեխնոլոգիական ընկերությունները միտված են շահույթը ներդնելու նոր նախագծերի և պրոդուկտների մշակման մեջ:
21000 աշխատակցի աշխատանքից հեռացնելու և իր առաջնահերթությունները ճշգրտելուց հետո Meta-ի բաժնետոմսերի գինը 2023թ. գրեթե եռապատկվեց: Հիմա, ըստ փորձագետների, դիվիդենտների վճարման գնալով Meta-ն ցանկանում է շահել ներդրողների համբերությունը՝ AI-ի և մետավերսի հետ կապված երկարաժամկետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Ըստ Bloomberg-ի՝ Ցուկերբերգն աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդն է՝ 142 մլրդ դոլար կարողությամբ:
Կարդացե՛ք նաև.
Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր. Ֆինանսական գրագիտություն
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: