Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում 2022թ. նկատվել է մասնավոր ներդրումային ծրագրերի շեշտակի աճ: Այս մասին հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը: Նա նաև հավելել է, որ ոլորտի զարգացմանը խանգարում են մի շարք խոչընդոտներ:
«Նախ, վերջապես տեսնում ենք մասնավոր ավելի մեծ ներգրավվածություն ռազմաարդյունաբերության ոլորտում, որն աննախադեպ է նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, այդ հարցում մեծ էմոցիոնալ նշանակություն է ունեցել 2020թ. պատերազմը և պատասխանատվության գիտակցումը, որ այդ խնդիրները մերն են: Բայց դրա համար մեխանիզմներ են պետք: Պետք են ներդրումային հիմնադրամներ, քննարկումներ, կոորդինացիա: Այդ աշխատանքը արվում է, բայց այն պետք է արագանա, որովհետև այն ռազմաարդյունաբերական ծավալը, որ Հայաստանն ունի, առայժմ խիստ հեռու է մեր անվտանգային խնդիրները լուծելու համար բավարար լինելուց»,-ասել է Չոբանյանը:
Ըստ ԱՏՁՄ գործադիր տնօրենի՝ գործընթացին մեծապես խանգարում է պետական համակարգի հետ աշխատանքում առկա բյուրոկրատիայի բարձր մակարդակը: Գործընթացը խթանելու համար անհրաժեշտ է ներդնել նոր, տեխնոլոգիական ոլորտին հատուկ ավելի ազատ համակարգեր: Անհրաժեշտ է ապահովել նաև տվյալ ոլորտում ֆինանսական ռեսուրսների ավելի բարձր հասանելիություն:
«Պետք է նաև հաշվի առնել, որ տեխնոլոգիական ոլորտում ներդրումները հիմնված են նաև որոշակի ռիսկի վրա: Իսկ մենք այսօր ներդրումներ ենք կատարում միայն այն ծրագրերում, որոնք 150 տոկոսով ապահովում են իրենց վերադարձելիությունը: 2022թ. գլխավոր ձեռքբերումը այս ոլորտում մասնավոր ներդրումային ծրագրերի ակտիվացումն է, որոնց մանրամասներին չեմ կարող անդրադառնալ: Բայն այն որ կարգով մեծացել է միավոր ժամանակում իրականացվող ծրագրերի քանակն ու ծավալը, և մեծացել է այդ ձեռնարկություններում աշխատողների քանակը, դա փաստ է: Մեզ պետք է շատ ավելի մեծ ծավալ, մեր 10 տարվա նպատակակետը պետք է լինի՝ մեծացնել ծավալները 20 անգամ: Ակնհայտ է, որ հիմա մենք այդ տեմպերով չենք զարգանում»,-նշել է Չոբանյանը:
Չոբանյանը փաստել է, որ այս պահին Կառավարությունը ՀՀ տեղական ընկերություններին տվել է ռազմաարդյունաբերական արտադրանքի պատվերի այնպիսի մեծ ծավալ, որ նախկինում երբևէ չի եղել:
Հայաստանը տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը
Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի նորությունները բաց չթողնելու համար: