1000 խոշոր հարկատուների ցանկում վերջին տարիներին հետաքրքիր փոփոխություններ են նկատվում, մասնավորապես, կենցաղային էլեկտրական սարքերի, բջջային հեռախոսների, համակարգիչների մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների վճարած հարկերում վերջին 2 տարիներին շեշտակի աճ կա:
Ոլորտների կողմից վճարված ընդհանուր հարկերի չափը 2023-ին կազմել է 104,2 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցոում է գրեթե 2,5 անգամ, իսկ դրան նախորդած 2021-ի վճարված հարկերն այն գերազանցում է 5,4 անգամ։
Շուկայի 2 դրոշակակիրները՝ Մոբայլ Սենթր և Վեստա
Մասնավորապես, բջջային հեռախոսների մեծածախ առևտրով զբաղվով «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերությունը 2021-ի համեմատ բարելավել է իր դիրքերը 36 կետով՝ ներառվելով 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակի 4-րդ հորիզոնականում։ Ընկերությունն ընդհանուր առմամբ վճարել է շուրջ 46,1 մլրդ դրամ ընդհանուր հարկեր, որը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 2,6 անգամ, իսկ 2021 թվականի ցուցանիշը՝ 10,4 անգամ։
Ընկերության կողմից վճարումների գերակշռող մասը հարկային մարմնի գծով վճարումներն են՝ շուրջ 45,2 մլրդ դրամ։ Մաքսային մարմնի գծով վճարումները կազմել են 915 մլն դրամ, նախորդ տարվա ցուցանիշից 3,8 անգամ ավելի շատ։
2023 թվականի 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ընկերությունը (Հայաստանում ներկայանում է «Վեստա» ապրանքանիշով), որը 2021-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 100 կետով։ Ըներությունը 2023-ին ընդհանուր առմամբ վճարել է 33,3 մլրդ դրամի հարկ, որը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 3,9 անգամ, իսկ 2021-ինը՝ 16,5 անգամ։
«ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ընկերության պարագայում վճարումների գերակշիռ մասը (29,5 մլրդ դրամ) մաքսային մարմնի գծով վճարումներն են, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 16,3 անգամ, իսկ 2021-ի համեմատ՝ 43 անգամ։ Հարկային մարմնի գծով վճարումները, ընդհակառակը, նվազել են 2023-ին՝ կազմելով 3,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 6,7 մլրդ-ի փոխարեն։
Նկատելի է, որ վճարված հարկերը կտրուկ աճ ունեցել են միայն այս երկու ընկերությունների պարագայում։ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող այլ ընկերությունների պարագայում աճը, թերևս փոքր է եղել, բայց հիմնականում պայմանավոված է մաքսային մարմնի գծով վճարների աճով։ Ընդհանուր առմամբ ոլորտի կողմից մաքսային մարմնի գծով վճարները 2023-ին կազմել են շուրջ 35 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6,7 անգամ, իսկ 2021-ի ցուցանիշը՝ 13,1 անգամ։
Կենցաղային տեխնիկայի ներմուծում-արտահանումը
Կենցաղային տեխնիկան, ունենալով բարձր տեխնոլոգիական հագեցվածության աստիճան, Հայաստանի արտադրական կարողություններին չի համապատասխանում: Սակայն կա հետաքրքիր վիճակագրություն կապված ոլորտի ներմուծման և արտահանման վերջին տարիների դինամիկայի հետ։ Մասնավորպես, 2021 թվականին Հայաստան է ներմուծվել 382.2 մլն դոլարի կենցաղային տեխնիկա, իսկ արտահանվել է՝ 24,9 մլն դոլարի՝ կնշանակի, որ ներմուծված ապրանքները հիմնականում ներքին սպառման համար են եղել (շուրջ 357 մլն դոլար), տեղեկանում ենք Tvyal.com-ի հետազոտությունից։
Իսկ 2022 թվականին ներմուծվել է 865 մլն դոլարի, արտահանվել է 507,1 մլն դոլարի կենցաղային տեխնիկա (արտահանման 20 անգամ աճ), այստեղ հարաբերակցությունից պարզ է դառնում, որ ներքին սպառման համար ներմուծված ապրանքների ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել (շուրջ 358 մլն դոլար), իսկ մնացած մասը՝ 507,1 մլն դոլար, վերաարտահանվել է:
Կարդացեք նաև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: