Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։
Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առևտրային կառույցներին կանոնադրական իրենց նպատակների իրացման համար օգտվել ներդրումների ներգրավման այս գործիքից, այլևս միայն թղթի վրա չէ, այլ փաստացի իրացվող գործնական ռազմավարություն է։
Ներգրավված միջոցները ներդրվելու են ԱՏՁՄ նախագծերում։ Մասնավորապես՝ ծառայելու են Հայաստանի և տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեքի զարգացմանը և ամրապնդմանը միջազգային տեխնոլոգիական հարթակներում, կառույցի ընդլայնմանը, ինչպես նաև UATE Powerhouse նախագծի գործարկմանը։
UATE-ի արժեթղթերը շուկա է հանում «Սիրիուս Կապիտալ» առաջատար բրոքերային ընկերությունը։ Արժեթղթերը հասանելի են հայկական և միջազգային բոլոր ներդրողների համար՝ «Սիրիուս Կապիտալի» առաջադեմ թվային գործիքակազմի միջոցով։ Նվազագույն ներդրման ծավալը՝ 10 000 ՀՀ դրամ։
Sirius Capital-ի հիմնադիր-տնօրեն Արարատ Մկրտչյանի գնահատմամբ՝ այս նախագիծը ոչ միայն իր պրակտիկայում իրեն հանդիպած ամենահետաքրքիր նախաձեռնություններից է, այլև վերջին տարիներին Հայաստանի արժեթղթերի շուկայում արձանագրված, թերևս, ամենաուշագրավ նախադեպերից մեկը, որը ճանապարհ է բացելու դեպի այդ շուկա նաև այլ ոչ առևտրային կառույցների համար։
Հատկանշական է, որ UATE-ի դուստր ընկերության կողմից նախատեսվում է նաև համանման պայմաններով պարտատոմսերի թողարկում։ Հաջող թողարկման դեպքում ձեռք բերված արժեթղթերը փոխակերպվելու են պարտատոմսի՝ փոխարկման պայմաններին համապատասխան։












