Twitter-ի բաժնետեր Մարկ Բեյն Ռասելը դատական հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ, գրում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ ձեռնարկատերը մինչև վերջնաժամկետը չի հրապարակել Twitter-ում իր մասնաբաժինը(ավելի քան 5%) և կարողացել է ավելի ցածր գնով բաժնետոմսեր գնել։
Իլոն Մասկն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2%-ը, ինչից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել էին ավելի քան 20%-ով։
Հայցվորը պնդում է, որ Մասկը սկսել է ընկերության բաժնետոմսեր ձեռք բերել հունվարին և մինչև մարտի 14-ը նա արդեն տնօրինել է բաժնետոմսերի ավելի քան 5%-ը։ Համաձայն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կանոնների՝ Մասկը պետք է գործակալությանը տեղեկացներ 5%-ի շեմը գերազանցելու մասին տասն օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև մարտի 24-ը։ Փոխարենը միլիարդատերը շարունակել է արժեթղթեր գնել և տվյալներ տրամադրել միայն ապրիլի 1-ին, երբ նա արդեն ուներ Twitter-ի բաժնետոմսերի ավելի քան 9%-ը, ինչը նրան թույլ է տվել ավելի ցածր գնով գնել ավելի շատ բաժնետոմսեր և, այդպիսով, խաբել է բաժնետոմսերը վաճառողներին՝ զրկելով նրանց լրացուցիչ առավելություններից։
Հայցը ներկայացվել է Մանհեթենի դաշնային դատարան՝ արժեթղթերի խարդախության հոդվածով։
Մասկը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։ Twitter-ը հրաժարվել է մեկնաբանել հայցը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։