Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել երկրի նախագահ Յամանդու Օրսին, կառավարության անդամներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Կարասկո միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող կենտրոնը հիմնադրվել է Aeropuertos Uruguay և Corporación América Airports ընկերությունների աջակցությամբ, ինչպես նաև Ceibal կրթական հարթակի հետ ռազմավարական գործակցությամբ՝ պատանիներին անվճար տեխնոլոգիական կրթություն տրամադրելու նպատակով:
Առաջին 1000 ուսանողները կսկսեն ուսումնառությունն ապրիլ ամսին, իսկ մինչև 2026 թվականը կենտրոնը նախատեսում է շաբաթական ընդունել 1500 պատանու:

12-18 տարեկանների համար նախատեսված ծրագիրը ներառում է ինքնուսուցում, գործնական աշխատարաններ և նախագծեր՝ մենթորների ղեկավարությամբ: Ուրուգվայում հասանելի կրթական ուղղություններն են ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, երաժշտությունը, կինոարտադրությունը, գեներատիվ արհեստական բանականությունը, խաղերի ստեղծումն ու ծրագրավորումը:
Նախագիծն ստանում է խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Google-ի աջակցությունը և համալրում է «Թումո»-ի միջազգային ցանցը, որն այժմ գործում է ավելի քան տասը երկրում:












