Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սահմանափակումներ կիրառել հայկական արտադրանքի նկատմամբ։ Այս անգամ արգելքի տակ է հայտնվել Հայաստանից մատակարարվող կենդանի ձկան և ձկնամթերքի գրեթե ամբողջ ծավալը։ Նոր սահմանափակումների մասին պաշտոնապես հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնաձորը»։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ մայիսի 21-ից 27-ը ռուս պաշտոնյաները տեսչական ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձկնավերամշակող ձեռնարկություններում, ինչպես նաև այցելել են իշխանի բուծման ֆերմաներ։ Գերատեսչությունը պնդում է, որ ձեռնարկությունների 50 տոկոսը հրաժարվել է ստուգումներից։ Այս արդյունքների հիման վրա պահանջվել է 2026 թվականի հունիսի 2-ից ամբողջությամբ կասեցնել հայկական ընկերություններից կենդանի ձկան և ձկնամթերքի վետերինար սերտիֆիկացումը դեպի Ռուսաստան՝ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Բացառություն է արվել միայն ստուգում անցած երկու գործարանի համար, որոնց արտադրանքը կթույլատրվի ներմուծել բացառապես անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիտորինգի պայմանով։
Սա վերջին շրջանում կիրառված եզակի արգելքը չէ։ Մայիսի վերջին «Ռոսսելխոզնաձորը» հաջորդաբար արգելել էր Հայաստանից նաև ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, բանջարեղենի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։












