«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է հայկական մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման և տարանցման նոր սահմանափակումների մասին:
Վաղվանից ուժի մեջ մտնող արգելքը տարածվում է հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի և չրերի վրա, որոնք արտահանվում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով առաքվում են Եվրասիական տնտեսական միության այլ պետություններ։
Ըստ գերատեսչության տարածած պաշտոնական հայտարարության՝ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև չմշակվի առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմ։
«Ռոսսելխոզնադզոր»-ն իր հաղորդագրության մեջ նաև հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված քննադատությամբ՝ նշելով. «Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը»։
Նշենք, որ սա վերջին շրջանում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող առաջին արգելքը չէ։ Ռուսաստանը, որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ, արդեն իսկ սահմանափակել է մի շարք այլ հայկական ապրանքների մուտքն իր շուկա։
Ստեղծված իրավիճակին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Կառավարությունը կսուբսիդավորի այն բիզնեսներին, որոնք տուժել են Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հետևանքով։












