Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ-ում առաջին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը։ Կենտրոնը սաների առջև իր դռները կբացի 2024 թվականին։
Ի սկզբանե Հայաստանում հիմնադրված ԹՈՒՄՈ անվճար կրթական ծրագիրը, որը առաջարկում է կրթական և վերապատրաստման հնարավորություններ 14 տարբեր առարկաներից մոտ մեկ տարուց կգործի նաև ԱՄՆ-ում:
Նոր կենտրոնը, որը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում՝ խորհրդանշական Universal Studios-ի մոտ, երեկ իր շուրջ էր համախմբել Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանին, Համագումարի նախկին անդամ Ադրին Նազարյանին, Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը նշել է, որ այս կենտրոնը կձևավորի ստեղծագործ առաջնորդների հաջորդ սերունդը, որը կպահի մեր ժամանցային արդյունաբերությունը ուժեղ և ծաղկող։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասը խոսելով Թումո կենտրոնի և երիտասարդներին դրա ընձեռած հնարավորությունների մասին նշել է․
«Մենք հավատարիմ ենք Լոս Անջելեսի երիտասարդության հաջորդ սերնդին հզորացնելուն՝ ձեռք բերելու հմտություններ, որոնք կնախապատրաստեն նրանց տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի համար։ Այս կենտրոնը Լոս Անջելեսի երիտասարդներին թույլ կտա առավելագույնի հասցնել իրենց ներուժը՝ բացահայտելով իրենց կրքերը ստեղծագործական տեխնոլոգիաների նկատմամբ և զարգացնելով թվային աշխարհում նավարկելու համար անհրաժեշտ հմտությունները»։
Նշենք, որ կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել Կալիֆոռնիա նահանգի ղեկավարության կողմից 23,25 միլիոն դոլար դրամաշնորհի շնորհիվ։
Լոս Անջելեսում բացվող կենտրոնի հիմնարկեքի լուրով ֆեյսբուքյան էջում կիսվելով՝ Թումո կենտրոնը գրել է․
«4146 Lankershim Blvd, North Hollywood՝ այսուհետ սա պաշտոնապես Թումո Լոս Անջելեսի հասցեն է։ Կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում»։
Անդրադառնալով կենտրոնի հիմնադրման աջակիցներին կենտրոնը նշել է․
«Կենտրոնի հիմնադրմանը աջակցել են թե Կալիֆոռնիա նահանգի, թե Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ անձամբ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ»
Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ-ում Թումոյի տարածման մեկնարկային կենտրոնը. պլանավորվում է մոտ ապագայում կենտրոնների ցանց հիմնադրել թե՛ Կալիֆոռնիայում, թե՛ այլ նահանգներում։ Շենքի դիզայնի հեղինակն է Թումոյի հին ընկեր ճարտարապետ Բեռնար Խուրին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ տեխնոլոգիական ոլորտի ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար: