ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման դինամիկան և պետական աջակցության ծրագրերի արդյունքները։
Ոլորտի դինամիկան. 2017 — 2025 թթ.
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող վիճակագրական մի քանի տվյալներ.
- ՏՏ ոլորտում գործող ընկերությունների քանակ. 2017-ի 650-ի դիմաց 2024-ին ընկերությունների քանակը հասել է 8,396-ի, իսկ 2025-ի տվյալներով՝ արդեն 12,026-ի։
- Աշխատաշուկայի ծավալը. 2017-ին ոլորտում ներգրավված էր 15,350 մասնագետ։ 2024-ին այդ թիվը հասել է 41,541-ի, իսկ 2025-ին արձանագրվել է կայունացում՝ 41,431 աշխատակից։
- Շրջանառություն. 2017-ի 306 մլրդ 40 մլն դրամից 2024-ին ցուցանիշը բարձրացել է մինչև 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025-ին արդեն գերազանցել է 1 տրիլիոն դրամի սահմանը։
Ոլորտի արտահանման ծավալը 2025թ․ կազմել է 711,500 մլն դրամ։
Պետական աջակցության մեխանիզմներ և հարկային արտոնություններ
Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2025թ․ մեկնարկած աջակցության ծրագրերի արդյունքներին.
- Ոլորտային աջակցություն. 319 կազմակերպությունների և անհատ ձեռներեցների տրամադրվել է 8,87 մլրդ դրամի աջակցություն՝ մասնագիտական աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր շուկա մուտք գործող աշխատողների օժանդակության և գործող աշխատակիցների վերապատրաստման համար։
- R&D խթանում. Գիտահետազոտական (R&D) աշխատանքների համար սահմանված արտոնություններից օգտվել են 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր, որոնցում ներգրավված շուրջ 900 աշխատակիցների համար սահմանվել է 10% եկամտահարկի դրույքաչափ՝ 20%-ի փոխարեն։
Մխիթար Հայրապետյանի ասուլիսի այլ մանրամասներին կանդրադառնանք How2B-ի առաջիկա ռեպորտաժում։












