Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է $2750-ից ավելի՝ 1 ունցիայի համար: Փորձագետների կարծիքով` ոսկու արժեքի վրա ազդում են մի քանի էական գործոններ։
Ոսկու արժեքի վրա առաջին հերթին ազդում են ԱՄՆ նախագահական ընտրությունների անորոշ ելքը և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը: Բացի այդ, թանկարժեք մետաղի գնի աճին նպաստում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի իջեցման սպասումը:
Commonwealth Bank of Australia-ի վերլուծաբան Վիվեկ Դհարը ենթադրում է, որ ոսկու ֆյուչերսները կարող են թանկանալ մինչև $3000 մեկ ունցիայի համար 2025 թվականի չորրորդ եռամսյակում: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների իջեցման ցիկլը, հավանաբար, կնպաստի ԱՄՆ դոլարի թուլացմանը, պատմել է նա Bloomberg-ին: Դոլարի փոխարժեքի նվազումը ձուլակտորները դարձնում է ավելի էժան շատ գնորդների համար, քանի որ դրանց գինը որոշվում է ամերիկյան արժույթով:
«Կենտրոնական բանկերի կողմից շարունակվող կայուն պահանջարկը նույնպես աջակցում է ոսկուն: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ոսկին կհասնի $2900-ի մեկ ունցիայի համար, ինչին կնպաստի ԴՊՀ-ի տոկոսադրույքների հետագա իջեցումը», – հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով UBS-ի վերլուծաբան Ջովաննի Ստաունովոյի խոսքերը:
Վերջին տարիներին ոսկու գինը իսկապես զգալիորեն աճել է՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակների: Տնտեսական անորոշությամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ և դրամավարկային քաղաքականության փոփոխություններով պայմանավորված՝ ներդրողները հաճախ դիտարկում են ոսկին որպես «ապահով նավահանգիստ» անկայուն ժամանակներում: