Վերջին 1 տարում Telegram-ի վճարովի տարբերակի՝ Telegram Premium-ի բաժանորդների թիվն աճել է 4 անգամ և հասել 4 մլն-ի, հայտարարել է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը:
«Telegram Premium-ը, որը գործարկվել է 1,5 տարի առաջ, դարձել է պատմության ամենաարագ աճող վճարովի բաժանորդագրությամբ ծառայությունը մեսենջերների շարքում»,-հայտարարել է Դուրովը:
Telegram-ի վճարովի տարբերակը սկսել էր աշխատանքը 2022թ.՝ միաժամանակ ավելացնելով նաև գովազդային հարթակ: Telegram Premium-ի բաժանորդները ստանում են լրացուցիչ առավելություններ, մասնավորապես՝ առանց գովազդի օգտագործում, մինչև 4 գբ ֆայլեր ներբեռնելու հնարավորություն, ավելի արագ ներբեռնում, և այլն:
Telegram-ի անվճար տարբերակն ունի ավելի քան 800 մլն օգտատեր, և Դուրովը հույս ունի, որ այդ թիվը առաջիկա 3-5 տարվա ընթացքում կհասնի 1,5 մլրդի: Այս պահին, Telegram Premium-ի բաժանորդների կշիռը օգտատերերի ընդհանուր թվի մեջ կազմում է մոտավորապես 0,5%: Դուրովն ավելի վաղ նշել էր, որ ծախսածածկման կետին հասնելու համար անհրաժեշտ է, որ վճարովի ծառայությունից օգտվեն օգտատերերի առնվազն 3%-ը:
Ի դեպ, եթե Telegram-ի օգտատեր եք, կարող եք բաժանորդագրվել How2B-ի ալիքին: