Team Telecom Armenia-ը հաջողությամբ ավարտել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը X-ի իր միկրոբլոգում։
Team Telecom-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրեց IPO։ Ընկերությունը 2023 թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։
Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: