EPIC Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի STRIVE ծրագիրը ընդունում է հայտեր։
STRIVE-ը Հայաստանում գործարկված առաջին նախաինկուբացիոն ծրագիրն է, որը նախատեսված է ստարտափ էկոհամակարգում ապագա հիմնադիրների մտածողության ձևավորման համար։ Ծրագիրը բաց է տարբեր փորձառություն և մասնագիտական ուղի ունեցող անձանց համար՝ անկախ նրանից՝ նրանք ունեն ստարտափ գաղափար, թե ոչ։ Այն նպատակ ունի սահմանել, վերլուծել և փորձարկել ձեռներեցության և նորարարության հիմնարար գաղափարները։
STRIVE-ը հիմնված է Entrepreneurial Learning Initiative-ի Ice House Entrepreneurship ծրագրի մեթոդաբանության վրա։ Այն 10 շաբաթ տևողությամբ փորձառական ուսուցման ծրագիր է, որը մասնակիցներին խրախուսում է կիրառել ստացած գիտելիքները իրական, հաճախ անորոշ և սահմանափակ ռեսուրսներով պայմաններում։ Ծրագիրը ներառում է մոդուլներ, որոնք միտված են ձեռներեցական վերաբերմունքի, վարքագծի և հմտությունների զարգացմանը, նաև նոր մտածողության ձևավորմանը, որը խթանում է նախաձեռնողականությունն ու երկարաժամկետ նպատակադրումը։
Ծրագրին կարող են դիմել անհատներ (ոչ թիմեր), այդ թվում՝ ոչ AUA համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցները պետք է կարողանան շաբաթական մասնակցել AUA-ում անցկացվող երեկոյան առկա հանդիպումներին` ժամը 19-ից 21-ը, ունենան առնվազն միջին մակարդակի անգլերենի իմացություն և պատրաստակամ լինեն սովորելու ու բաց լինելու նոր գաղափարների նկատմամբ։
Կազմակերպիչների ներկայացմամբ՝ STRIVE-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգացնել ձեռնարկատիրական հմտություններ գործնական ուսուցման միջոցով, բացահայտել և կիրառել ձեռներեցական վարքագիծը խթանող սոցիալական ու իրավիճակային գործոնները, գնահատել և ստուգել հնարավորությունները իրական պայմաններում, ձևավորել մասնագիտական կապեր համախոհների և ոլորտի ներկայացուցիչների հետ, նաև ստանալ անհատական և մասնագիտական խորհրդատվություն։
Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ` մինչև փետրվարի 27-ը։












