ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։
Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։
Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։
Կարգավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:












