Կալիֆորնիա նահանգում գրանցված Silicon Valley Bank-ը սնանկ է ճանաչվել, ինչը ԱՄՆ բանկային համակարգում երկրորդ խոշորագույն սնանկացումն է 2008թ. Washington Mutual-ի փակվելուց հետո:
Silicon Valley Bank-ը ԱՄՆ-ի 16 խոշորագույն բանկերի թվում էր: Այն մասնագիտացած էր ստարտափների հետ աշխատանքում, ու սովորաբար վենչուրային ներդրումները ստարտափներին փոխանցվում էին հենց այս բանկի միջոցով: SVB-ը համագործակցում էր ԱՄՆ վենչուրային և բժշկական կազմակերպությունների գրեթե կեսի հետ:
Ըստ Associated Press-ի՝ բանկի խնդիրները հիմնականում կապված են հենց տեխնոլոգիական ոլորտում սկսված դժվարությունների հետ: Բացի այդ, բանկը մեծ քանակի պարտատոմսեր էր գնել, որից հետո Ֆեդերալ պահուստային համակարգը սկսել էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դրա արդյունքում բանկի ակտիվները ավելի քիչ գրավիչ էին դարձել, քանզի նոր թողարկվող պետական պարտատոմսերը ավելի բարձր շահույթ էին ապահովում:
Silicon Valley Bank-ի անկումը. Խրոնոլոգիա
- Մարտի 8 – SVB-ը հայտարարում է 2 մլրդ դոլարի վնասի մասին, որն առաջացել է ակտիվների մի մասի վաճառքից: Այս քայլին բանկը ստիպված էր գնալ, որովհետև հաճախորդները սկսել էին զանգվածաբար դուրս բերել իրենց ակտիվները բանկից:
- Մարտի 9 – Բանկը հայտարարում է ևս 1,75 մլրդ դոլարի ներգրավման պլանների մասին, որից հետո ներդրողները շտապում են դուրս բերել իրենց ակտիվները, որի արդյունքում SVB-ի բաժնետոմսերի գինը նվազում է 60%-ով:
- Մարտի 10 – Կալիֆորնիայի ֆինանսական կարգավորիչները կալանքի տակ են առնում բանկի ակտիվները:
Ներկայումս բանկի ակտիվները փոխանցվել են Սանտա Կլարայի ավանդների ապահովագրության բանկին, որը երկուշաբթի օրվանից կսկսի միջոցների վերադարձը հաճախորդներին: Մինչև 250 հազար դոլար ավանդներ ունեցող հաճախորդները ամբողջությամբ հետ կստանան իրենց միջոցները, դրանք ապահովագրված էին: Իսկ ավելի մեծ գումարների դեպքում դեռևս որևէ երաշխիքներ չկան:
Silicon Valley Bank-ի սնանկացումից կարող են տուժել նաև հայկական ծագումով մի շարք ստարտափներ, որոնք վերջին տարիներին ներգրավել են վենչուրային միջոցներ, քանի որ նրանք ևս հաճախ օգտվել են հենց այդ բանկի ծառայություններից: