Հայկական RunEvr ստարտափը Product Hunt հարթակում է՝ ներկայացնելով արհեստական բանականությամբ աշխատող նախագծերի կառավարման միջավայր, որը միավորում է ստեղծարար աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործիքները մեկ հարթակում։
Ստարտափի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ ստեղծարար թիմերը ստիպված են աշխատել միաժամանակ տարբեր հավելվածներում՝ չաթերում, առաջադրանքների կառավարման համակարգերում, ամպային պահոցներում և այլ հարթակներում, ինչի հետևանքով կորում է ոչ միայն ժամանակը, այլև աշխատանքի համատեքստը։
RunEvr-ում նախագծերը, քննարկումները, ֆայլերը, վերանայումները, համագործակցային տախտակները և AI գործակալները (AI agents) գործում են մեկ ընդհանուր միջավայրում։ Ընկերության խոսքով՝ դա թույլ է տալիս թիմերին կենտրոնանալ աշխատանքի վրա՝ առանց հավելվածների միջև անընդհատ անցումների։
«RunEvr-ը ծնվել է մեր անիմացիոն ստուդիայի ներսում։ Յուրաքանչյուր նախագիծ ներառում էր նկարիչների, պրոդյուսերների, հաճախորդների և գործընկերների, սակայն ամբողջ աշխատանքը ցրված էր տարբեր հարթակներում։ Մենք չէինք կորցնում ֆայլերը, մենք կորցնում էինք աշխատանքի համատեքստը»,- նշում է RunEvr-ի հիմնադիր Ադանա Մարուխյանը։
Նրա խոսքով՝ թիմը սկզբում հարթակն օգտագործել է սեփական արտադրական գործընթացներում, և միայն գործնական փորձարկումներից հետո է այն ներկայացրել հանրությանը։
«Մենք չցանկացանք պարզապես ևս մեկ գործիք ավելացնել արդեն գոյություն ունեցող համակարգին։ Փոխարենը ստեղծեցինք այն միջավայրը, որն ինքներս էինք ցանկանում ունենալ՝ մի վայր, որտեղ նախագծերը, զրույցները, ֆայլերը, վերանայումները և AI գործակալները աշխատում են նույն համատեքստում»,- ասում է Մարուխյանը։
RunEvr-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ AI գործակալները կարող են ստանձնել տարբեր դերեր՝ օրինակ նախագծի համակարգողի, մենեջերի կամ ստեղծարար թիմակցի, աշխատելով մարդկանց հետ նույն նախագծում և աջակցելով գաղափարների կազմակերպման ու իրականացման գործընթացին։
Ընկերության գնահատմամբ՝ հարթակը կարող է կիրառվել ոչ միայն ստեղծարար թիմերի, այլև պրոդուկտների մշակման, համայնքների կառավարման, ուսուցման և անձնական նախագծերի կազմակերպման համար։
Ստարտափին կարող եա աջակցել այստեղ:



