Ինչի՞ մասին է Rise Powered by Silicon Mountains-ը
Ի՞նչ արդյունքներն են տվել հայկական գիտական միտքն ու տեխնոլոգիական նախագծները։ Եթե մինչև հիմա միայն քննարկումներում էին այդ մասին պատմում, արդեն ստացված պրոդուկտները տեսանելի կլինեն բոլորի համար։ Հունիսի 3-ից 4-ը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Rise Powered by Silicon Mountains ցուցահանդեսն ու ֆորումը։
2019 թվականից տեխնոլոգիական ոլորտի կարևոր միջոցառումներից մեկն է եղել Silicon Mountains-ը, որ համախմբել է տեղական և դրսի առաջատար խոսնակների մի վայրում։ Այս տարի այն ընդլայնվել է և կկանայա երկու փուլով՝ հունիսին և նոյեմբերին։
Միջոցառման առանցքում են հայրենական արտադրողներն ու հայկական տեխնոլոգիական ընկերությունները։ Հունիսին տեղական 40 հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններ միջազգային գործընկերներին կներկայացնեն իրենց մշակումներն ու լուծումները, կձևավորեն նոր համագործակցություններ և կընդլայնեն արտահանման հնարավորությունները։
RISE-ը հապավում է, որ ձևավորվել է հետևյալ բառերից՝ հետազոտություն (research), նորարարություն (innovation), գիտություն (science) և ինժեներիա (engineering)։ Այն հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքների ներկայացման նոր հարթակ է։ Կազմակերպիչները խոստանում են, որ այն կլինի շարունակական։ Այս տարվա կարգախոսն է Մենք ենք Մեր սարերը՝ վերելք։

Միջոցառման կազմակերպիչ, ՏՀՏ գործատուների միության նախագահ Էդուարդ Մուսայելյանը միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ մշտապես նպատակ են ունեցել ստեղծել ոչ միայն համաժողով, այլ նաև տեխնոլոգիական ցուցադրություն, և հունիսյան RISE ձևաչափը ներկայացվում է որպես առանձնահատուկ և բացառիկ կոնցեպտ։ «Մենք ուզեցել ենք նաև ցույց տանք ֆիզիկապես, թե ինչ է ունակ հայկական միտքը՝ ռազմարդյունաբերության, պաշտպանական արդյունաբերության, ճարտարագիտական, նորարարությունների ու կիբեռանվտանգության ոլորտներում»,-նշել է նա։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ կառավարությունը մոտ 60 մլն դրամ աջակցություն է տրամադրել միջոցառմանը։ Նրա խոսքով՝ RISE Powered by Silicon Mountains 2026-ը դառնալու է հարթակ, որտեղ հայկական ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերությունները միջազգային գործընկերներին կներկայացնեն իրենց մշակումներն ու լուծումները, կձևավորեն նոր համագործակցություններ և կընդլայնեն արտահանման հնարավորությունները։ «Վերջին տասնամյակում Հայաստան կարողացել է իրեն լավագույնս դիրքավորել իբրև տեխնոլոգիական երկիր այս տարածաշրջանում, բայց ժամանակն է, որ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական երկրից վերափոխվենք որպես սեփական պրոդուկտներ մշակող, սեփական արտադրանք արտադրող և արտահանող երկրի»,- նշել է նախարարը։
Յունիքոմփի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի խոսքով՝ Rise-ը հարթակ է, որտեղ ոչ միայն ընկերությունները կներկայացնեն իրենց արդյունքները, այլև կծանոթանան միմյանց, կգտնեն գործակցության հնարավորություններ։ Քանի որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել հիմնական նպատակին, այն է՝ ձևավորել ամբողջական հայկական արտադրական շղթա՝ գիտությունից և ինովացիայից մինչև ինժեներական լուծումներ։
«Մենք Հայաստանում ունենք շատ «առողջ բջիջներ», որոնց աշխատանքի ամբողջ արդյունքը գնացել է դեպի համաշխարհային տնտեսություն։ Մեր հիմնական նպատակներից մեկն է, որ նպաստենք հայկական լիարժեք արտադրանքի ձևավորմանը։ Եվ հայկական ընկերությունները պետք է սկսեն համագործակցել իրար հետ, քանի որ փոքր ընկերությունները չեն կարող լուրջ արտադրանք ստեղծել»,- նշել է նա։

Ի՞նչ սպասել Rise Powered by Silicon Mountains-ին
- Ցուցահանդես՝ 40-ից ավելի ընկերություն կներկայացի իր արտադրանքը
- Ֆորում՝ 3 պանելային քննարկումներով՝ կիբեռանվտանգության, պաշտպանական արդյունաբերության ու ինժեներական լուծումների մասին թեմաներով։ Բանախոսների ընտրության մեջ շեշտը դրվել է տեղական ընկերությունների վրա, որոնք ներկայացնում են հայրենական արտադրությունը։
- Միջազգային և բազմազգ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց տեսլականներն ու հաջողությունները։
- Սիմուլյացիոն և ուսուցողական հնարավորություններ՝ երիտասարդների համար։ Այցելուները հնարավորություն կունենան կառավարել անօդաչու սարքեր, մասնակցելու գործնական դասընթացների, ինտերակտիվ փորձարկումների ու խաղարկությունների։
- Հատուկ B2B գոտի բիզնես հանդիպումների համար
Որտե՞ղ և ե՞րբ ու ինչպե՞ս գրանցվել
Ցուցահանդեսն ու ֆորումը տեղի կունենան հունիսի 3-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցադրությունը բաց է բոլորի համար, կարող եք գրանցվել նաև տեղում։ Իսկ պանելներին մասնակցությունը միայն նախնական գրանցմամբ է՝ տեղերը սահմանափակ են։
2019 թվականից UEICT-ն կազմակերպում է ամենամյա Silicon Mountains Tech Summit-ը, որը դարձել է Հայաստանի կարևորագույն բարձր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը։ Մինչ օրս համաժողովը համախմբել է ավելի քան 100 խոսնակ և 6000-ից ավելի մասնակից՝ կապելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը համաշխարհային առաջնորդների, նորարարների և որոշում կայացնողների հետ։ 2024 թվականից UEICT-ն ընդլայնել է Silicon Mountains-ի աշխարհագրությունը՝ Երևանից դուրս։ Առաջին անգամ համաժողովն անցկացվել է Գյումրիում՝ Շիրակի մարզում, իսկ 2025 թվականի ֆորումը՝ Լոռու մարզի COAF SMART կենտրոնում՝ խթանելով տարածաշրջանային ներգրավվածությունն ու նորարարությունը Հայաստանում։












