NVIDIA-ի գործադիր տնօրենը հայտարարել է մարդկության պատմության մեջ ամենամեծ AI ենթակառուցվածքի կառուցման մասին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան նիստում հայտարարել է, որ արհեստական բանականության արագ զարգացումը աշխարհում սկիզբ է դրել աննախադեպ մասշտաբի ենթակառուցվածքային կառուցման, որը նա բնորոշել է որպես մարդկության պատմության մեջ ամենախոշորը։

Հուանգը ներկայացրել է ԱԲ-ն ոչ թե որպես մեկ միասնական տեխնոլոգիա, այլ որպես «հինգշերտ տորթ», որն ընդգրկում է ամբողջ տեխնոլոգիական շղթան՝

  • էներգետիկ ենթակառուցվածքներ,
  • միկրոսխեմաներ և հաշվարկային հարթակներ,
  • ամպային տվյալների կենտրոններ,
  • արհեստական բանականության մոդելներ,
  • և վերջնական՝ կիրառական շերտ։

Նրա խոսքով՝ քանի որ ԱԲ-ի այս կառուցվածքի յուրաքանչյուր շերտ պետք է առանձին կառուցվի, շահագործվի և սպասարկվի, ամբողջ համակարգի վերակառուցումը ստեղծում է աշխատատեղեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ էներգետիկայից և շինարարությունից մինչև առաջադեմ արտադրություն, ամպային օպերացիաներ և հավելվածների մշակում։

Կիրառական շերտում ԱԲ-ն ինտեգրվում է իրական տնտեսության մեջ՝ ֆինանսական ծառայություններում, առողջապահությունում, արդյունաբերությունում և արտադրությունում։ «Ի վերջո հենց այս վերին շերտն է դառնալու հիմնական տնտեսական արժեք ստեղծողը»,-ընդգծել է Հուանգը։

Նրա գնահատմամբ՝ ԱԲ-ի զարգացումն արդեն իսկ ձևավորում է պահանջարկ որակավորված աշխատուժի նկատմամբ՝ սկսած էլեկտրաէներգիայի արտադրությունից և միկրոսխեմաների արտադրությունից մինչև տվյալների կենտրոնների կառուցում և ամպային ենթակառուցվածքների կառավարում։ Սակայն ամենամեծ տնտեսական արդյունքը ակնկալվում է կիրառական մակարդակում, երբ ԱԲ-ն արմատապես կվերափոխի առողջապահությունը, արտադրությունը և ֆինանսական ծառայությունները՝ փոխելով աշխատանքի բնույթը ողջ տնտեսությունում։

Ջենսեն Հուանգը նշել է, որ վենչուրային ներդրումների ծավալները վկայում են այն մասին, թե որքան արագ է ԱԲ-ն փոխում գլոբալ տնտեսությունը։ Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին համաշխարհային վենչուրային ներդրումները ԱԲ ոլորտում գերազանցել են 100 միլիարդ դոլարը, որոնց մեծ մասը ուղղվել է ԱԲ ստարտափներին։

«Արհեստական բանականությունը ենթակառուցվածք է», — հայտարարել է Հուանգը՝ ընդգծելով, որ երկրները պետք է ԱԲ-ին վերաբերվեն այնպես, ինչպես էլեկտրաէներգիային կամ ճանապարհներին։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն ունենալ ԱԲ, այլ նաև կարողանալ այն ուղղորդել, կառավարել, վերահսկել և գնահատել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները