Միկրոչիպերի և գրաֆիկական համակարգիչներ արտադրությամբ զբաղվող NVIDIA ընկերության շուկայական կապիտալիզացիան կարճ ժամանակահատվածով գերազանցել է 1 տրիլիոն դոլարի նշագիծը: Ընկերության բաժնետոմսերի արժեքը հասել է 419 դոլարի, հայտնում է Bloomberg-ը։
Մայիսի 30-ին բորսայի բացումից կարճ ժամանակ անց ընկերության կապիտալիզացիան հասել է 1 տրլն դոլարի, սակայն փակման պահին ցուցանիշն իջել է մինչև 990 մլրդ դոլար։
Բաժնետոմսերը պետք է պահպանեին 404,86 դոլարից բարձր գին՝ ռեկորդային կապիտալիզացիան պահպանելու համար:
Այս պահին ընկերության կապիտալիզացիան կազմում է 992 մլրդ դոլար, իսկ բաժնետոմսերը վաճառվում են 401 դոլարով։
Ըստ The Wall Street Journal-ի` այժմ «տրիլիոնատերերի ակումբում» կան չորս ընկերություններ.
- Apple (2,8 տրլն դոլար)
- Microsoft (2,5 տրլն դոլար
- Alphabet (1,6 տրլն դոլար)
- Amazon (1,2 տրլն դոլար)
NVIDIA-ի բաժնետոմսերի կտրուկ աճը (+35%) պայմանավորված է լավ ֆինանսական հաշվետվությամբ և արհեստական ինտելեկտի հետ կապված հեռանկարների ներկայացման հետ։ Ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ եռամսյակում տվյալների կենտրոնների համար բաղադրիչների վաճառքից կվաստակի 11 միլիարդ դոլար, ինչը 50%-ով գերազանցում է վերլուծաբանների գնահատականները:
Հիշեցնենք, որ ընկերությունը գրասենյակ ունի Հայաստանում և ներառված է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։
NVIDIA-ն Հայաստանում գիտահետազոտական կենտրոն է հիմնում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: