NVIDIA ընկերությունը հրապարակել է 2026 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները: Ընկերության եռամսյակային հասույթը կազմել է 81.62 միլիարդ դոլար, ինչը 85%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (44.15 միլիարդ դոլար) և 2%-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ: Այս ցուցանիշով ընկերությունը շուրջ 4%-ով գերազանցել է Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումները, որոնք ակնկալում էին 78.5-78.6 միլիարդ դոլարի հասույթ։ Մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը (EPS) non-GAAP տարբերակով կազմել է 1.87 դոլար՝ գերազանցելով սպասվող 1.76 դոլարը:
Հասույթի հիմնական մասն ապահովել է տվյալների կենտրոնների (Data Center) սեգմենտը, որտեղ վաճառքներն աճել են 92%-ով և կազմել 75.2 միլիարդ դոլար՝ նույնպես անցնելով վերլուծաբանների կանխատեսած 73 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Ընկերության ղեկավարության փոխանցմամբ՝ ցուցանիշները հիմնականում պայմանավորված են Blackwell հարթակի չիպերի նկատմամբ շուկայում առկա բարձր պահանջարկով:
Հաջորդ եռամսյակի համար NVIDIA-ն ակնկալում է կայուն միտումների պահպանում և կանխատեսում է մոտ 91 միլիարդ դոլարի հասույթ (±2% միջակայքով), ինչը նույնպես բարձր է շուկայի միջին սպասումներից (87-88 միլիարդ դոլար):
Չնայած հրապարակված ցուցանիշները գերազանցել են Ուոլ Սթրիթի միջին սպասումները, ամերիկյան ֆոնդային շուկան զուսպ է արձագանքել նորությանը, քանի որ ներդրողների զգալի մասն արդեն կանխավ գնագոյացրել էր բարձր արդյունքները, իսկ առավել լավատեսական կանխատեսումները հասնում էին մինչև 96 միլիարդ դոլարի: Արդյունքում, հիմնական առևտրային նստաշրջանի մեկնարկից առաջ, նախաշուկայում Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսների ֆյուչերսները նվազել են. Dow Jones Industrial Average ֆյուչերսները նվազել են 57 կետով (կամ 0.14%-ով), S&P 500 ֆյուչերսները կորցրել են 0.23%, իսկ տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող Nasdaq 100 ֆյուչերսները գրանցել են 0.36%-ի անկում: Վերլուծաբանները շուկայի այս վարքագիծը բացատրում են նաև մակրոտնտեսական գործոններով, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) կողմից տոկոսադրույքների երկարաժամկետ բարձր մակարդակի պահպանման մտահոգություններով, ինչպես նաև Չինաստան արտահանման սահմանափակումների ֆոնին ներդրողների կողմից շահույթի ֆիքսման միտումով:












