Հայաստանը Կոռուպցիայի ընկալման 2025 թվականի համաթվում առաջ է անցել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներից

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի զեկույցը, որն արձանագրում է կոռուպցիայի խորացում ողջ աշխարհում։ Ըստ նոր տվյալների՝ Հայաստանի ԿԸՀ արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ կազմելով 46 միավոր (0-ից 100 սանդղակով)։ Այս ցուցանիշով Հայաստանը 182 երկրների շարքում կիսում է 65-69-րդ հորիզոնականները Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի և Սենեգալի հետ։

Հայաստանի արդյունքը, թեև գերազանցում է համաշխարհային միջինը (42 միավոր) և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ցուցանիշները, այնուամենայնիվ մնում է համեստ։ Եվրոպայի խորհրդի անդամ 42 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 30-31-րդ տեղերը, իսկ ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեքի՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի ցուցանիշներն են ավելի ցածր։ Տարածաշրջանում Հայաստանը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին (50 միավոր)։

Համաշխարհային պատկերը փաստում է, որ կոռուպցիան աճում է նույնիսկ կայացած ժողովրդավարություններում՝ պայմանավորված քաղաքական առաջնորդության անկմամբ և քաղաքացիական տարածքի նեղացմամբ։ Վերջին տասնամյակում 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը 12-ից նվազել է 5-ի։ Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են Դանիան (89) և Ֆինլանդիան (88), իսկ ամենացածրը՝ Հարավային Սուդանը (9) և Սոմալին (9)։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» կոչ է անում կառավարություններին վերանայել քաղաքական առաջնորդությունը, լիարժեք կիրառել հակակոռուպցիոն օրենքները և պաշտպանել անկախ քաղաքացիական հասարակությանն ու լրագրողներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները