2023 թվականի օգոստոսի երկրորդ կեսում YouTube-ը թողարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս հարթակում երգ որոնել՝ ուղղակի երգելով կամ «մռմռալով» այն: Գործառույթը հասանելի է դարձել սահմանափակ քանակով օգտատերերի, ովքեր օգտվում են հավելվածի Android տարբերակից:
Ըստ գործառույթի բնութագրության՝ այն կարող է հնարավորություն տալ փնտրել երգեր YouTube-ում մինչև 3-վայրկյան տևողությամբ աուդիոձայնագրության օգնությամբ: Հավելվածի օգտատերերը կարող են երգել ստեղծագործությունը կամ ձայնագրել երգը, որը, օրինակ, հնչում է հանրային վայրում: Վերջին դեպքում YouTube-ը փաստացի դառնում է Apple-ին պատկանող Shazam ծառայության նմանօրինակը:
YouTube-ի այս փորձարարական գործառույթը աշխատում է նույն սկզբունքով, ինչ Hum to Search գործառույթը, որը հայտնվել էր Google-ի հավելվածում դեռևս 2020 թվականին: Սակայն ընկերությունում հայտնել են, որ բարելավել են տեխնոլոգիան. այն աշխատում է ավելի արագ և կարճ «կտորներով» կարողանում է ճանաչել երգերը, մինչդեռ նախկինում պահանջվում էին 10-15 վրկ տևողությամբ հատվածներ:
Google-ում չեն հայտնել, թե ինչքան ժամանակ է գործառույթը հասանելի լինելու միայն սահմանափակ թվով օգտատերերի: Հարկ է նշել, որ YouTube-ի ոչ բոլոր փորձարարական գործառույթներն են ի վերջո կիրառվում բոլորին հասանելի տարբերակում:
Բաժանորդագրվե՛ք մեր յութուբյան էջին՝ ամենահետաքրքիր հոլովակները բաց չթողնելու համար: