Ինչպե՞ս են ստեղծվում և զարգանում ստարտափները։ Գտնում ես խնդիր, տալիս լուծում, ստեղծում ապրանքը կամ ծառայությունը, ներդրումներ ներգրավվում, բում՝ արագ աճում ես, գրավում աշխարհը Microsoft-ի ու Ֆեյսբուքի նման, դառնում ես հաջորդ Բիլ Գեյթսը։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, եթե ամպերից իջնենք ներքև։
Նորաստեղծ ստարտափը պետք է անցնի մի քանի փուլ, որոնք կապացուցեն, որ այն տեղ ունի շուկայում։ Խնդիրը գտնելուց ու գաղափարից հետո, պետք է այդ գաղափարրը վավերացնել, որովհետև գուցե դա միայն քեզ համար է խնդիր։ Այս փուլն անցնելուց հետո պետք է ստեղծես քո պրոդուկտը՝ գոնե իր նվազագույն տեսքով։ Ստարտափների աշխարհում այն կոչում են MVP։ Որի շնորհիվ փորձարկում են՝
- Արդյո՞ք այն իսկապես լուծում է խնդիրը։
- Կընդունե՞ն այն օգտատերերը։
- Ի՞նչ պետք է փոխվի։
Ստարտափի ճանապարհը հաճախ սկսվում է մի փոքր սենյակից, բայց հաջողությունը պահանջում է շատ ավելին՝ ճիշտ մարդիկ, ուղղություն ու աջակցություն։
Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը իրենց գոյության որոշակի փուլում անցել են ստարտափ աքսելերատորների միջով։ Այդ ընկերություններն օգնում են ստարտափներին անցնել աճի փուլերը, ստանալ գիտելիքներ, մենթորներից՝ խորհուրդներ, կապեր։
Այժմ աշխարհի ամենահայտնի աքսելերատորներից մեկը՝ Plug and Play-ը, Հայաստանում է ու խոստանում է համաշխարհային դռներ բացել նաև հայկական ստարտափների համար։
Plug and Play-ը ստեղծվել է Սիլիկոնյան հովտում։ Այն գործակցում է շատ հայտնի ընկերությունների հետ՝ VISA,Mercedes-Benz, NISSAN և ոչ միայն: Plug and Play-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր կազմակերպություններ՝ PayPal-ը, Dropbox-ը, Pinterest-ը, և այլն: Իրականացնում է արագացման ծրագրեր 50-ից ավելի երկրում։ Նպաստում է ստարտափների և կորպորացիաների միջև փորձնական նախագծերի իրականացմանը։ Օգնում է ստարտափներին ներդրումներ ներգրավել իր գլոբալ VC ցանցի միջոցով։ Գործակցում է մոտ 550 խոշոր համաշխարհային կորպորացիաների հետ։ Այժմ՝ Հայաստանը դարձել է այս համաշխարհային ցանցի նոր հանգույցը։ Ինչպե՞ս։
Դիտե՛ք How2B-ի տեսանյութը Plug and Play-ի՝ հայաստանյան գործունեության մասին։












