Հայաստանում պլաստիկի օգտագործման սահմանափակումները կխստանան․ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է օրենքի նախագիծը։
Օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի էականորեն նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Ըստ նոր կարգավորումների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի և հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի առկայությունն ու վաճառքը ։
Օրենքը սահմանում է, որ մեկանգամյա օգտագործման է համարվում այն արտադրանքը, որը պատրաստված է պլաստիկից և իր կյանքի ցիկլի ընթացքում նախատեսված չէ բազմակի օգտագործման կամ արտադրողին վերադարձման համար։
Ի՞նչ է արգելվելու
- Պլաստիկ սպասք՝ ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ և դանակներ։
- Բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակները՝ անկախ դրանց հաստությունից (բացառությամբ՝ կշռափաթեթավորման շատ բարակ տոպրակների)։
- Աքսեսուարներ՝ ըմպելիքների ձողիկներ, խառնիչներ և բաժակների պլաստիկ կափարիչներ։
- Փրփրապլաստե տարաներ և սննդի կոնտեյներներ։
Հսկողություն և տուգանք
Օրենքի պահանջների խախտման դեպքում տնտեսվարողները նախ կստանան նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում կտուգանվեն 100-150 հազար դրամով։ Վերահսկողությունը կիրականացնեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ դիտարկման ժամկետը կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր։
Եթե հայտնաբերվեն արգելված պլաստիկ իրեր, սահմանվում են հետևյալ պատժամիջոցները.
- Առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում
- Կրկնակի խախտման դեպքում՝ տուգանքի նշանակում՝ 100,000-150,000 դրամ
Օրենքի փոփոխության նախաձեռնողները սա դիտարկում են որպես պլաստիկի օգտագործման կրճատման հաջորդ փուլ՝ հիշեցնելով, որ դեռ 2022 թվականից Հայաստանում արդեն սահմանափակվել էր բարակ պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը։ Նոր կարգավորումները միտված են ամբողջական անցման՝ ավելի էկոլոգիական այլընտրանքների։












