Հայտնի են STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր հյուրերի անունները

Վերջին լուրերը
Հայտնի են STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր հյուրերի անունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 6-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք՝ միջազգային STARMUS VI փառատոնի մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և թե ինչ միջոցառումներ են նախատեսվում փառատոնի շրջանակներում աշնանը։


Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։

- Advertisement -
Հայտնի են STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստան այցելող համաշխարհային հեղինակավոր հյուրերի անունները

«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք STARMUS VI-ի իրականացման հետհաշվարկի մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ նման միջազգային փառատոնի հյուրընկալումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար։ STARMUS-ի ձևաչափը ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, ովքեր Հայաստան են այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: Առաջիկայում որոշ պարբերականությամբ կհայտարարվեն հաստատված այլ մասնակիցների անուններ։

STARMUS VI-ի շրջանակներում անցկացվող դասախոսությունները մեկնարկելու են կեսօրից հետո՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավարտին հասցնելու գործերն ու վայելելու համաշխարհային առաջադեմ մտքի ներկայացուցիչների կողմից ներկայացվող գերժամանակակից թեմաները և արտիստների ելույթները»,—նշել է STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։ Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է դարձնելու նմանօրինակ աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության ապագա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։

«Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում: Այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»,—ընդգծել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս՝ մարզային կառույցներում։

«STARMUS VI փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փաստելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության ու արվեստի բնագավառներում կարևոր դերակատարություն է ունեցել: Հայկական մտքի թռիչքն ու տաղանդը մեկ անգամ չէ, որ մարդկության պատմության մեջ համաշխարհային հաջողություն են գրանցել և հայ ազգին բերել ճանաչելիություն: Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս. այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական և մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք։

Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ: STARMUS VI փառատոնի անցկացումը Հայաստանում իրապես մեծ իրադարձությունն է և այս հնարավորությունից պետք է կարողանանք առավելագույն արդյունքներ գրանցել»,— ընդգծել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավել աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: «Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորելու որպես գիտության երկիր։ Մենք պետք է անենք հնարավորը՝ այս նպատակին հասնելու համար»,—հավելել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս, Գարիկ Իսրաելյանը։

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձեւաչափեր եւ հնարավորություններ, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար, հանրայնացնելով գիտությունը։ Միևնույն ժամանակ փառատոնի անցկացումը Հայաստանում կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

STARMUS փառատոնի մասին

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆե կղզում (Իսպանիա) 2011 թվականին և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։ STARMUS փառատոնը մինչ այս անց է կացվել Թեներիֆեյում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները