Ինչպե՞ս անել, որ Հայաստանը, AI կիրառող կամ AI մոդելներ ստեղծող երկրից բացի, դառնա նաև AI չիպեր արտադրող երկիր։
Սա նոր՝ «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական ընկերության տեսլականն է։ Այդ ճանապարհը սկսել են կիսահաղորդիչների նախագծման կենտրոն հիմնելուց։
Մայիսի 20-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքը։
Սանահինի վանական համալիրի ճարտարախպետության հիման վրա նախագծված շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։

Ի՞նչ կտա կիսահաղորդիչների նախագծման կենտրոնը
Ինչպե՞ս նոր ընկերությունը կնպաստի, որ Հայաստանը ծառայություններ մատուցող երկրից վերածվի սեփական ինժեներական գաղափարներ ստեղծող և հայկական տեխնոլոգիական արտադրանք արտահանող տարածաշրջանային տեխնոլոգիական հաբի։
Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի առնվազն 300 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։
««Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության գործունեությունն ու առաքելությունը լավագույնս համապատասխանում են կառավարության որդեգրած քաղաքականությանը»,- նշել է ԲՏԱ նախարարը՝ ընդգծելով, որ կիսահաղորդչային ոլորտում Հայաստանում տարիներ շարունակ գործել են միջազգային խոշոր կորպորացիաների մասնաճյուղեր, Հայաստանն ունի տասնամյակների փորձ ոլորտում, ձևավորված մասնագիտական կապիտալ և միջազգային համագործակցության լայն ցանց, բայց եկել է ժամանակը, որ Հայաստանում ստեղծվեն հայկական կիսահաղորդչային նախագծմամբ զբաղվող ընկերություններ։
Որպեսզի հայկական ինժեներական խմբերը, գիտնականներն ու հետազոտողները ստեղծեն սեփական գաղափարներն ու պրոդուկտները, անհրաժեշտ են գիտահետազոտական և փորձարարական մշակումների (R&D) կենտրոններԼ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի նոր ենթակառուցվածքը Ինժեներական քաղաքում, ըստ նախարարի, կարելի է դիտարկել որպես հայկական նոր R&D կենտրոն կիսահաղորդիչների նախագծման ոլորտում։ Նա ընդգծել է, որ սա ոչ միայն ընկերության, այլև ամբողջ ոլորտի զարգացմանն ուղղված ներդրում է։
Նախարարի խոսքով՝ այսպես նաև նորաստեղծ հայկական ինժեներական ընկերությունները կկարողանան վալիդացնել իրենց պրոդուկտները։

Ի՞նչ է անելու «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերությունը
«Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մուսայելյանը ներկայացրեց կիսահաղորդիչների և չիպերի զարգացման պատմությունն ու դրանց կիրառման լայն շրջանակը՝ ընդգծելով, որ միկրոսխեմաներն այսօր առանցքային նշանակություն ունեն տնտեսության տարբեր ոլորտներում՝ արհեստական բանականությունից և դատակենտրոններից մինչև ռոբոտաշինություն, առողջապահություն, ինքնավար մեքենաներ, խելացի ենթակառուցվածքներ և պաշտպանական արդյունաբերություն։
«Ինտտեգրալ Սոլյուշնս»-ը հայկական ընկերություն է, որը զբաղվում է չիպերի նախագծմամբ և վերիֆիկացմամբ՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական ծառայությունների շղթա։ Ընկերությունը պատվիրատուից ստանում է անհրաժեշտ պարամետրերը, մշակում մոդելը, իրականացնում դիզայնն ու հետագա թեստավորումը։
Ընկերությունն արդեն ունի միջազգային ընկերությունների հետ համագործակցություն։
Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ ընկերության հաջորդ մեծ նպատակը Հայաստանին ոչ միայն տեխնոլոգիաներ կիրառող, այլև ստեղծող և արտադրող երկիր դարձնելն է։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա ոչ միայն կիրառող, այլ նաև AI չիպեր ստեղծող երկիր»,- նշել է նա՝ ընդգծելով, որ արհեստական բանականության կիրառումը չիպերի նախագծման փուլում կարող է ապահովել ավելի խելացի և արդյունավետ լուծումներ։
Ընկերության համահիմնադրի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանը վերածել ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի։ «Ինտտեգրալ Սոլյուշնս»-ի մասնագետների միջին աշխատանքային փորձը շուրջ 10 տարի է։ Ընկերությունը, նրա խոսքով, ձևավորում է միջազգային թիմ և փորձում է աշխարհի տարբեր երկրներից ներգրավել լավագույն հայ ինժեներներին։ «Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես մի վայր, որտեղ ոլորտի ստարտափները կկարողանան ավելի արագ, ավելի մատչելի և ավելի խելացի կերպով վավերացնել իրենց գաղափարները»,- եզրափակել է նա։

Siemens-ի եզակի սուպերհամակարգիչը
Նախագծված չիպերը կթեստավորվեն Siemens-ի եզակի սուպերհամակարգչի(էմուլյատոր) միջոցով՝ նախքան արտադրությունը։
«Դա մեզ հնարավորություն է տալիս մինչև արտադրելը հասկանալ բոլոր հնարավոր խնդիրները, համոզվել, որ բացեր չկան, և նոր միայն անցնել արտադրության։ Արդյունքում գործընթացը դառնում է ավելի արագ, ավելի մատչելի և ավելի արդյունավետ»,- ասել է Էդուարդ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ հետագայում արդեն ստեղծված և վավերացված նախատիպերը կարող են արտադրվել այլ երկրներում՝ խոշոր արտադրական հզորություններ ունեցող ընկերությունների կողմից, սակայն վերջնական պրոդուկտը, միևնույն է, կմնա հայկական։
Նախկինում հայկական ընկերությունները ստիպված էին մեծ միջոցներ ու ժամանակ ծախսել արտերկրում չիպերի թեստավորումն իրականացնելու համար, քանի որ այս փուլը խլում է չիպերի ստեղծման բյուջեի և ժամանակի շուրջ 80%-ը։ Այժմ այս սուպերհամակարգչի առկայությունը հիմնովին փոխում է իրավիճակը՝ գործընթացը դարձնելով տեղական և անհամեմատ հասանելի։ Ընկերությունը նախատեսում է գերհամակարգչի հնարավորությունները կիրառել ոչ միայն արտադրական, այլև կրթական նպատակներով՝ համալսարանների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու և ոլորտի մասնագետների պատրաստմանը նպաստելու համար։
«Ինտեգրալ Սլուշնս»-ի նոր նախագծի մեկնարկով ավարտին է մոտենում նաև Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածի կառուցապատումը։ Ըստ ԲՏԱ նախարարի՝ այդ ընկերությունների թվում «Ինտեգրալը» կլինի ամենախոշորը՝ իր ներդրումների ծավալով։












