Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր,- հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։
Հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը այդ ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Հուշագիրն ունի համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

Հայաստանի ԲՏԱ նախարարությունը մեկ այլ կարևոր հուշագիր է ստորագրել նաև Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։
Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը:
Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։












