Google-ի ներդրած նոր գործիքը հնարավորություն է տալիս վեբ էջերից հեռացնել անձնական տվյալները՝ հեռախոսահամար, հասցե, էլ. փոստ և այլն։
Գործիքը ներկայացվել էր դեռ մայիս ամսին կայացած I/O 2022 ամենամյա համաժողովի ժամանակ և ահա մի քանի ամիս անց այն արդեն գործարկվել է, գրում է 9to5Google-ը։
«Արդյունքներ Ձեր մասին» (Results about you) գործիքի գործարկման մասին հայտնել են օգտատերերը, ովքեր այն հայտնաբերել են Android սարքերում։ Գործիքից հնարավոր է օգտվել պրոֆիլի ընտրացանկում՝ սեղմելով վերին աջ անկյունում գտնվող ավատարի վրա։
Ընտրացանկի նոր բաղադրիչը տանում է դեպի էջ, որը բացատրում է, թե ինչպես կարող եք խնդրել Google-ին հեռացնել որոնման արդյունքները, որոնք պարունակում են հեռախոսահամար, տան հասցեն, էլ․ հասցե կամ այլ անձնական տվյալներ։
Նույն տեղում կցուցադրվեն նաև հայտնաբերված անձնական տվյալները։ Սեղմելով յուրաքանչյուր արդյունքի աջ կողմում գտնվող 3 կետերի վրա, կբացվի հեռացնելու հնարավորություն, որտեղ պետք է լրացնել տվյալները հեռացնելու պատճառը, այնուհետև Google-ը ցույց կտա ձեր հարցման կարգավիճակը («հաստատված է» կամ «ընթացքի մեջ է»):
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։