Ֆիզիկական անձանց վճարած հարկերը հնարավոր կլինի ուղղել ՀԿ-ներին և լրատվամիջոցներին. նոր նախագիծ e-draft.am-ում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ներդնել նոր կառուցակարգեր, որոնք թույլ կտան ֆիզիկական անձանց իրենց վճարած եկամտային հարկի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ ընդլայնվում է սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, սոցիալական ծախս կհամարվեն հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության ծախսերից բացի նաև ոչ առևտրային կազմակերպություններին կամ լրատվամիջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները ։ Նախատեսվում է, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն կիրառելի կլինի 2027 թվականի հունվարի 1-ից հետո կատարված փոխանցումների համար ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման փոփոխությունը կարևոր է անկախ քաղաքացիական հասարակության և ազատ ու անկողմնակալ խոսքի զարգացման համար, քանի որ ներկայումս ֆիզիկական անձանց կողմից այս ոլորտներին աջակցելու հստակ մեխանիզմներ ձևավորված չեն։ Կառավարությունը լրացուցիչ կսահմանի սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև այն կազմակերպությունների և լրատվամիջոցների շրջանակը, որոնց կատարված փոխանցումները կհամարվեն արտոնյալ ։

Այս նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից և նպատակ ունի ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգը։ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման չի հանգեցնի, սակայն կստեղծի ֆինանսավորման նոր, թափանցիկ աղբյուրներ հասարակական և մեդիա սեկտորի համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները