Մարտի 23-ից 27-ը Երևանում կանցկացվի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր միջոցառումը՝ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» (Telecom Week Armenia 2026)։ Միջոցառումը միավորելու է հեռահաղորդակցության օպերատորների, պետական և կարգավորող մարմինների, ինչպես նաև միջազգային ու տեղական տեխնոլոգիական կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներին։
Շաբաթվա ընթացքում նախատեսված են պաշտոնական բացման արարողություն, կլոր սեղան քննարկումներ, աշխատաժողովներ և ոլորտային այցելություններ։ Միջոցառումների նպատակն է քննարկել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարական լուծումները և թվային տեխնոլոգիաների ապագան։
Ծրագրում ընդգրկված են նաև Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովը՝ «Արհեստական բանականությունը հանուն թվային աճի» թեմայով, քննարկումներ ցանցային օպերատորների զարգացման և մարտահրավերների շուրջ, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ կլոր սեղան։
Բացի այդ, նախատեսվում են հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետ ծանոթության օր և ակադեմիական օր, որոնք միտված են երիտասարդների և ուսանողների ներգրավմանը ոլորտում։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը նպատակ ունի ստեղծել համագործակցության և մասնագիտական շփումների հարթակ, որտեղ կքննարկվեն ոլորտի ռազմավարական ուղղություններն ու Հայաստանի թվային ապագայի ձևավորման հնարավորությունները։
Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ։