ԲՏԱ աջակցության նոր օրենքը. Ի՞նչ խնդիր է այն լուծում ոլորտի ընկերությունների համար

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի խթանման համար դեկտեմբերի 4-ին Ազգային Ժողովում ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանված են մի շարք որոլտային հարկային և ֆինանսական արտոնություններ։

Հիշեցնենք, որ նախկինում կար երկու արտոնություն՝ շահութահարկի 0% տոկոսադրույքը և եկամտային հարկը՝ 20%-ի փոխարեն 10%: Այդ արտոնությունների ժամկետը լրացավ 2023թ-ին, իսկ 2024-ին ուժի մեջ մնաց միայն եկամտային հարկի 10% արտոնությունը:

- Advertisement -

Իրականում նախորդ կարգավորումների գործածության ընթացքը ցույց տվեց, որ կան բազմաթիվ բացեր, և աջակցության նոր համալիր-ծրագիրը եկել է դրանք լրացնելու: Առաջարկվող նախագծի շահառուները կլինեն ոչ միայն մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունները, այլ բոլոր կազմակերպությունները, որոնք գործում են ոլորտում:

Ներկայացնենք նախագծով առաջարկվող օժանդակության տեսակները։

  1. Աշխատանքային միգրանտների եկամտային հարկի 60%-ի վերադարձ
  2. Նոր աշխատակիցների եկամտային հարկի վերադարձ՝ 60%-ի չափով:
  3. Վերապատրաստման ծախսերի մասով փոխհատուցում՝ 50%-ի չափով
  4. Ավելի ցածր շրջանառության հարկ՝ 5%-ի փոխարեն 1%
  5. Շահութահարկի դեպքում հավելյալ նվազեցումների հնարավորություններ, օրինակ՝ մասնագիտական աշխատանք կատարող մասնագետների աշխատավարձի ֆոնդի 200%-ի չափով հավելյալ նվազեցում կատարելը, ինչպես նաև ամորտիզացիոն կարճ ժամկետներ և բազմաթիվ այլ հնարավորություններ:

Հիմա խոսենք ավելի մանրամասն և օրինակներով.

Արտոնություններ և քեշբեքեր եկամտային հարկի մասով

1. Աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար

Եթե ձեր ընկերությունը ներգրավում է օտարերկրյա մասնագետների, ովքեր աշխատում են որպես վարձու աշխատողներ, ապա պետությունը կտրամադրի եկամտային հարկի 60%-ի չափով վերադարձ։

ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիները այս իմաստով աշխատանքային միգրանտ չեն համարվում:

Օրինակ՝ ձեր ընկերությունը ներգրավում է մի օտարերկրյա մասնագետի, որի համար ամեն ամիս վճարում եք 300,000 դրամ եկամտային հարկ։ Այս դեպքում պետությունը ձեզ կվերադարձնի 180,000 դրամ, ինչը կնվազեցնի աշխատակիցների ներգրավման ընդհանուր ծախսերը։

Ընդ որում, 2025 թվականին վերադարձը կստանա ընկերությունը, իսկ 2026-ից սկսած՝ աշխատանքային միգրանտ աշխատակիցը:

2. Նոր աշխատակիցների ներգրավման համար հարկային արտոնություններ

Նախագիծը նաև նախատեսում է հարկային արտոնություններ նոր աշխատակիցների ներգրավման համար՝ կախված աշխատակիցների ընդհանուր քանակից։ Նոր աշխատակիցների ներգրավման դեպքում աջակցությունը տրամադրվում է մինչև երեք օրացուցային տարի՝ սկսած աշխատակցի աշխատանքի անցնելու օրվանից։

Ընդ որում, այս մասով օրենքը հետադարձ ուժ չունի, ինչ նշանակում է, որ այս արտոնությունից չեն օգտվի այն մասնագետները, ովքեր ՏՏ ոլորտ են մուտք գործել, օրինակ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Իսկ 2025թ-ի հունվարի 1-ից ոլորտ մուտք գործողները կօգտվեն այս արտոնությունից՝ անկախ նրանից, թե նրանք քանի անգամ կփոխեն իրենց աշխատատեղը:

Այս իմաստով նոր աշխատակից են համարվում առաջին անգամ ՏՏ ոլորտ մուտք գործած և Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող աշխատողները:

Օրինակ՝ եթե աշխատակցի եկամտային հարկը կազմում է 200.000 դրամ, ապա պետությունը կվերադարձնի այդ գումարի 60%-ը՝ 120.000 դրամ։

3. Աջակցություն՝ աշխատակիցների վերապատրաստման համար

Կառավարությունը նաև նախատեսում է աջակցություն աշխատակիցների վերապատրաստման համար՝ փոխհատուցելով գործատուին տվյալ աշխատակցի տվյալ եռամսյակի եկամտային հարկի 50%-ի չափով:

Օրինակ՝ Ձեր ընկերությունը աշխատակցին ուղարկում է մասնագիտական վերապատրաստման դասընթացների, ու եթե տվյալ աշխատակցի եկամտային հարկը ամբողջ եռամսյակում 1.000.000 է, ապա ստանում է հետ վերադարձ՝ 500.000 դրամ:

Նշենք նաև, որ վերոնշյալ բոլոր դեպքերում պետական աջակցությունը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։

4. 10% եկամտային հարկ՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար

Նոր օրենքով խթանվում է ընկերությունների կողմից R&D (գիտահետազոտական աշխատանքներն ու փորձարարական մշակումները) աշխատանքները: Մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված, մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին վճարվող աշխատավարձը կհարկվի 10 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով: 

Շրջանառության հարկի մասով արտոնություններ

Շրջանառության հարկը 5%-ի փոխարեն սահմանվում է 1%, ինչը կթեթևացնի ընկերությունների հարկային բեռը։ 

Սակայն հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ ավելացել է նոր սահմանափակում, համաձայն որի՝ եթե տեղական ՏՏ ընկերությունը, որը գործում է շրջանառության հարկի դաշտում և ծառայություններ է մատուցում հարկման ընդհանուր դաշտում գործող բիզնեսի, ապա ծառայություն ստացող ընկերությունը այդ ծախսը չի կարող նվազեցնել շահութահարկի հաշվարկում:

Օրինակ՝ նախկինում ՏՏ ընկերությունը ծառայություններ էր մատուցում հայկական մեծ բիզնեսին՝ ամեն ամիս 1.000.000 դրամի չափով: ՏՏ ընկերությունը վճարում էր 50.000 դրամ շրջանառության հարկ, իսկ ծառայություն ստացողը իր հաշվարկում այդ ծախսը նվազեցնում էր, հետևաբար՝ խնայում 180.000 դրամ հարկ: Նոր օրենքով ՏՏ ընկերությունը 50.000 դրամի փոխարեն կվճարի 10.000 դրամ, սակայն ծառայություն ստացողն այլև չի կարողանա իր հարկը նվազեցնել 180.000 դրամով:

Շահութահարկի մասով արտոնություններ

Գիտահետազոտական և փորձարարական մշակումների համար նախատեսվում են հարկվող շահույթից հավելյալ նվազեցումներ, ինչպես նաև ակտիվների արագացված ամորտիզացիա, ինչը թույլ կտա ընկերություններին էականորեն ավել քիչ շահութահարկ վճարել:

Շահութահարկի մասով կան հետևյալ արտոնությունները .

  • Ակտիվների արագացված ամորտիզացիոն ժամկետ, սակայն ոչ պակաս քան 1 տարի, եթե առկա է Կառավարության կողմից ձևավորված համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը:
  • Ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:Այս արտոնությունը գործում է մինչև 50 աշխատակից /աշխատակից և քաղիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողներ/ ունեցող ընկերությունների համար:
  • Համախառն եկամուտից անմիջապես այդ ծախսերը կատարելու տարում նվազեցվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա կատարվող ծախսերը, անկախ նրանից՝ դրանք նա կատարել է ինքնուրույն, թե պատվիրել է մեկ այլ ընկերությանը:
  • Բիզնեսները հնարավորություն են ստանում իրենց շահութահարկը հաշվելիս հավելյալ նվազեցնել մասնագիտական աշխատանք կատարողների մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի 200 տոկոսի չափով: Այս նվազեցումը չի կարող գերազանցել  հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: 

Գործնականում այս կետը նշանակում է, որ գրեթե բոլոր մեծ ընկերությունների շահութահարկը 18%-ի փոխարեն կլինի դրա մոտ կեսը՝ 9%, քանի որ իրենց ծախսերի կառուցվածքը թույլ է տալու օգտվել այս կետով սահմանված արտոնության առավելագույնից:

  • Տրվում է հավելյալ նվազեցման /այլ նվազեցման/ հնարավորություն, մասնավորապես մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի աշխատավարձի 200 տոկոսի չափով: 

Ընդ որում, այս արտոնությունից կարող են օգտվել ոչ միայն ՏՏ ընկերությունները, այլ բոլոր այն ընկերությունները, որոնք իրականացնում են գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ:

Կարևոր տարբերություն՝ սա քեշբեք է

Նախագծով սահմանված եկամտային հարկի փոխհատուցման կետերից օգտվելու համար ընկերությունը նախ պետք է վճարի բոլոր հարկերը, հետո միայն դիմում ներկայացնի և ստանա փոխհատուցում: Իսկ նախկինում միանգամից սահմանվում էր եկամտային հարկի ավելի ցածր տոկոս, ու կարիք չկար վճարել ավել հարկ, և հետո այն վերադարձնել: 

Շահութահարկի դրույքաչափը մինչև 2023թ.-ը 0 տոկոս էր, այնուհետև այդ արտոնությունը վերացավ, և 2024թ-ի համար ընկերությունները պետք է վճարեին 18% շահութահարկ: Սակայն այս նախագիծը նախատեսում է հետին ուժ, այսինքն 2024թ-ի համար շահութահարկ հաշվելիս բիզնեսները հնարավորություն կունենան կատարել հավելյալ նվազեցումներ, այսինքն՝ ավելի քիչ հարկ մուծել, որոնք նախատեսվում են այս օրենքով:

Եթե ձեր ընկերությունը գործում է այս ոլորտում, ցանկալի է խորհրդակցել հարկային խորհրդատուի հետ՝ առավելագույնս օգտվելու այս արտոնություններից։ Կարևոր է իմանալ, որ որոշակի պայմաններ չպահպանելը կհանգեցնի նրան, որ ընկերությունը կզրկվի այս օրենքով սահմնված արտոնություններից:

Ինչքանո՞վ է աջակցության նոր փաթեթը ձեռնտու ոլորտի ընկերություններին

Կատարենք իրական համեմատություն, թե ինչ է տեղի ունենում: Մենք ունենք ոլորտում գործող ընկերությունների մի քանի խմբեր.

Խումբ 1. Մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններ 

Կան բազմաթիվ փոքր ընկերություններ կամ Ա/Ձ-ներ, որոնք ծառայություններ են մատուցում արտասահմանյան ընկերություններին: Նման ընկերությունները մինչև 2023թ-ը ներառյալ գործում էին հարկման ընդհանուր դաշտում և օգտվում էին շահութահարկի 0%, ԱԱՀ-ի 0% դրույքաչափերից, ու փաստացի բիզնես հարկ չէին վճարում: Վճարում էին միայն աշխատավարձերի համար հաշվարկված եկամտային հարկը, այն էլ ավելի ցածր դրույքաչափերով:

2024-ին նրանք սկսեցին վճարել հարկ շրջանառությունից, այսինքն՝ ընդհանուր մուտքերից 5%, իսկ նոր փոփոխությունների ուժի մեջ մտելուց հետո կվճարեն 5%-ի փոխարեն 1%: Ստացվում է, որ արտոնությունների նոր փաթեթը հենց այս պահին գործողից ավելի լավն է, սակայն ավելի վատն է, քան կար մինչև նախորդ տարի: 

Հարկ ենք համարում նշել, որ, օրինակ, Վրաստանում կա «վիրտուալ գոտի» հասկացությունը, ու նման կարգավիճակ ունեցող բիզնեսները վճարում են  շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ներմուծումից հարկի 0 տոկոս հարկ և գույքահարկ՝ 1 տոկոսի չափով: Նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում հարկային բեռը 1 տոկոս էր, իսկ մեզ մոտ՝ 0, բազմաթիվ ռելոկանտներ նախընտրենցին հենց Հայաստանում գրանցել իրենց բիզնեսները, այդ թվում՝ հենց այդ փոքրիկ առավելության համար:

Խումբ 2. Ավելի մեծ ընկերություններ

Հաջորդ խումը 30  և ավել աշխատակիցներ ունեցող ընկերություններն են, որոնք  նախկինում հնարավորություն չունեին օգտվել օրենքով սահմանված արտոնություններից, իսկ հիմա կարող են դրանցից օգտվել: Նրանք այս նոր օրենքից քաղում են օգուտներ: 

Կարևոր փոփոխություն է այն, որ նախկինում դուստր ընկերությունները, այսինքն ընկերություններ, որոնց հիմնադիրները արտասահմանյան կազմակերպություններն են, նույնպես չէին կարողանում օգտվել արտոնություններից, իսկ հայկական ստարտափների մեծ մասը հենց այդպիսին են, քանի որ ներդրում ստանալու համար մեծ մասը գրանցվում են ԱՄՆ-ում, իսկ ՀՀ-ում գործող ընկերությունը դարձնում դուստր: Նոր կարգավորումներով այս սահմանափակումը արդեն չկա, հետևաբար նրանք նույնպես կստանան արտոնության իրենց բաժինը:

Իսկ մնացած խմբերի համար պատկերը նույն է: Ընդհանուր առմամբ, ընդունված փոփոխություններով սահմանված արտոնությունները էական են, սակայն զիջում են նախկին (մինչև 2023թ. ներառյալ) գործած արտոնություններին:

Կարդացե՛ք նաև՝

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները