«Բոլոր ձվերը 1 զամբյուղում դնելը վտանգավոր է» կամ մասնագիտական լեզվով ասած՝ դիվերսիֆիկացիա. «Ֆինանսական գրագիտություն» շարքի այս թողարկմանն անդրադառնում ենք ներդրումային գործունեության առանցքային սկզբունքներից մեկին:
Գիտեք՝ ի՞նչ կլիներ, երբ Ձեր բոլոր խնայողությունները ներդնեիք մեկ ընկերության, օրինակ Ford-ի բաժնետոմսերում: 2020թ. քովիդի ժամանակ ընդամենը 1 օրում կկորցնեիք Ձեր ներդրումների կեսը: Լավ չէր լինի, չէ՞…
Իսկ ի՞նչ կլիներ, եթե Ձեր ներդրումների կեսն արած լինեիք Ford-ի, իսկ մյուս կեսը՝ Zoom-ի բաժնետոմսերում: Չնայած Ford-ի բաժնետոմսերի կրկնակի անկմանը, Zoom-ի գինն էլ այդ ընթացքում կրկնակի աճեց: Արդյունքում, Դուք այդ խառը և ռիսկային ժամանակահատվածը կհաղթահարեիք առանց կորուստների:
Հենց դա էլ դիվերսիֆիկացիան է, երբ ձեռք եք բերում տարբեր տեսակի ակտիվներ, որոնց գները իրարից կախված չեն, և այդպես էականորեն նվազեցնում եք ամեն ինչը միանգամից կորցնելու ռիսկը:
Ի՞նչ է դիվերսֆիկացիան
Ֆինանսական ոլորտում դիվերսիֆիկացիան ակտիվների կառուցվածքում բազմազանության ապահովումն է: Դիվերսիֆիկացիան կարևոր ներդրումային կոնցեպտ է, որը նվազեցնում է ներդրումային պորտֆելի ռիսկը՝ առավել հաճախ չիջեցնելով եկամտաբերությունը: Դիվերսիֆիկացիան առավելագույնս ազդեցություն է ունենում, երբ տարբեր դասերի, ոլորտների, տարածաշրջանների և արժույթի ակտիվների այնպիսի ընտրություն է կատարվում, որ մի տեսակի ակտիվի գնի անկումը փոխհատուցվի մյուսի աճով:
Ձեր ներդրումային պորտֆելը ցանկալի է դիվերսիֆիկացնել ոչ միայն ըստ ընկերությունների, այլ նաև արժեթղթերի տեսակի, կարող եք գնել ոչ միայն բաժնետոմսեր, այլև պարտատոմսեր, այդ թվում՝ պետական, կարող եք նաև ձեռք բերել տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթեր, և այդպես շարունակ:
Այսպիսով, դիվերսիֆիկացիան առանցքային սկզբունք է ճիշտ ներդրումներ անելու համար, իսկ թե ինչպես գրագետ կազմել դիվերսիֆիկացված պորտֆել, Ձեզ կօգնեն փորձառու բրոքերները, ինչպիսիք են մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia-ի մասնագետները:
«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները
- Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր
- Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար
- Ի՞նչ նվիրել ընկերոջը՝ հայտնի ընկերության բաժնետոմս
- Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից
- ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել
- Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը
- Արջեր. Ինչպե՞ս վաստակել շուկայի անկման ժամանակ
- Ներդրողների 3 տեսակները
Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ: