Հոկտեմբերի 13-15-ին նախատեսված Digitec 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը չի հետաձգվելու, բայց անցնելու է առանց ժամանցային միջոցառումների, տեղեկանում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածած հաղորդագրությունից:
«Մենք գիտակցում ենք, որ անկախ իրավիճակի բարդությունից, տնտեսությունը պետք է գործի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։
Ուստի մեր թիմը շարունակում է ռազմավարական ուղղությունների և տնտեսության հիմքերն ամուր պահող միջոցառումները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն զուգահեռ։
Այսպիսով՝ այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն և գալա ընթրիքը։
Դիջիթեքի բովանդակությունը լինելու է միա՛յն ձեռնարկատիրական՝ միջազգային մամուլի միջոցով ևս մեր ներուժը ցույց տալու, աշխատատեղերի հնարավորությունները բացահայտելու համար։
Ակնկալում ենք ձեր աջակցությունը և ակտիվ մասնակցությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ անկախ դժվարություններից տեխնոլոգիական ոլորտը շարունակում է գործել և վստահելի գործընկեր է»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր Tech Week 2023 և «Ինժեներական շաբաթ» միջոցառումների հետաձգման մասին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: