Հայ հիմնադիրներ ունեցող DeepSat ստարտափը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ ուղղակի երկրորդ փուլի (Direct-to-Phase II) պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի արժեքը կազմում է $1.25 միլիոն և այն ուղղված է VLEO (Very Low Earth Orbit, հայ.՝ երկրագնդի շատ ցածր ուղեծիր) արբանյակներից իրական ժամանակում հսկողության համակարգերի զարգացմանը։
Պայմանագիրը կնքվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի (AFRL) Small Business Innovation Research (SBIR) ծրագրի շրջանակում՝ շրջանցելով առաջին` փորձնական փուլի պահանջը։ Սա վկայում է DeepSat-ի տեխնոլոգիական պատրաստվածության և ազգային նշանակության խնդիրներ լուծելու պոտենցիալի մասին։
Պայմանագրի շնորհիվ DeepSat-ը կկարողանա արագ զարգացնել և փորձարկել իր Orion’s Belt արբանյակային համակարգը, որը նախատեսված է իրական ժամանակում շարունակական մոնիթորինգ իրականացնելու համար։ Տեխնոլոգիան օգտագործելու է արհեստական բանականություն՝ շարժվող օբյեկտներ, ինչպես օրինակ նավեր կամ մեքենաներ հայտնաբերելու և հետևելու նպատակով։
Համակարգն ուղղված է լրացնելու անվտանգության և շրջակա միջավայրի վերահսկման բացերը, հատկապես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս։ Ըստ միջազգային աղբյուրների, բացօթյա ջրերի ավելի քան 75%-ում ձկնորսությունը մնում է չհսկված՝ ստեղծելով մթնոլորտ ապօրինի ձկնորսության, մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և ռազմական անօրինական գործողությունների համար։
«AFRL-ի կողմից DeepSat-ի ընտրությունը արտացոլում է մարտավարական Երկրի հետախուզության աճող պահանջարկը, որը եւ՛ ճկուն է, եւ՛ մասշտաբային։ Մենք ոգեւորված ենք օգնելու լուծել աշխարհի ամենահրատապ անվտանգության մարտահրավերներից մեկը»,- նշել է DeepSat-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը։
Ծրագրի շրջանակում DeepSat-ը պլանավորում է մինչև 2027 թվականը անցկացնել առաջին փորձարկումները՝ միաժամանակ ուժեղացնելով իր դիրքը որպես նորարար լուծումներ առաջարկող ընկերություն պաշտպանական և հետախուզական տեխնոլոգիաների ոլորտում։
Կարդացե՛ք նաև.











