Բիթքոինը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ ու հոկտեմբերյան գագաթնակետից հետո կորցրել է իր արժեքի ուղիղ կեսը: Անցած հինգշաբթի օրը բիթքոինի գինն առաջին անգամ վերջին 16 ամսվա ընթացքում նվազել է 63,000 դոլարի շեմից, ինչը նշանակում է, որ այն արդեն 44%-ով հետ է մնում նախորդ ռեկորդային ցուցանիշներից: Թեև կրիպտոշուկայի համար նման անկումներն անսովոր չեն, ներկայիս իրավիճակը տարօրինակ է նրանով, որ բիթքոինը շարունակում է արժեզրկվել այնպիսի պայմաններում, երբ տեսականորեն պետք է գրանցեր իր լավագույն արդյունքները:
Կրիպտոարժույթի կողմնակիցները երկար ժամանակ պնդում էին, որ բիթքոինը պետք է դիտարկել որպես «թվային ոսկի»՝ ապահով ակտիվ, որտեղ ներդրողները կարող են պահել իրենց միջոցները տնտեսական և աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում: Սակայն այս տարվա սուր աշխարհաքաղաքական լարվածությունը և ֆոնդային շուկայում արհեստական բանականության թռիչքային զարգացմամբ պայմանավորված տագնապները չօգնեցին բիթքոինին: Ավանդական ոսկին սահմանում է նոր ռեկորդներ՝ անցնելով 5,500 դոլարի շեմը մեկ տրոյական ունցիայի դիմաց, իսկ բիթքոինի արժեքը դեռ միայն նվազում է:
Ներկայիս անկումը նաև նշանակում է, որ բիթքոինը լիովին զրկվել է այսպես կոչված «Թրամփի թռիչքից», որը գրանցվել էր 2024 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո: Ներդրողների հիասթափությունն ավելի է խորացել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարություններից հետո, ով նշել է, որ գերատեսչությունը լիազորություն չունի կայունացնելու կրիպտոշուկաները: Բացի այդ, ինստիտուցիոնալ ներդրումների նվազումը և բիթքոին ETF-ների սպասվածից ավելի թույլ հաջողությունները հանգեցրել են առևտրի ծավալների անկման, ինչն էլ ավելի է սրել շուկայի բացասական արձագանքները:
Հիմա «կրիպտո ձմեռ» է, բայց փորձագետները հիշեցնում են, որ սա առաջին նմանատիպ փլուզումը չէ. բիթքոինը նախկինում ևս անցել է խոշոր ճգնաժամերի միջով՝ 2014-ին, 2018-ին և 2021-2022 թվականներին: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ նմանատիպ անկումներից հետո բիթքոինին հաջողվել է վերականգնել իր դիրքերը մոտ մեկուկես տարվա ընթացքում: Սակայն ներկայիս իրավիճակը կրկին հարցականի տակ է դնում այն թեզը, թե արդյոք կրիպտոարժույթը կարող է իրականում հանդես գալ որպես կայուն ակտիվ համաշխարհային անորոշությունների ժամանակ:
Փետրվարի 6-ին Երևանի ժամանակով 16:20-ին մեկ բիթքոինն արժե 66,270 դոլար։












