Ըստ «staff.am» էկոհամակարգի «Compass» վերլուծական ուղղության կողմից հրապարակված «ՀՀ Աշխատաշուկա 2025» զեկույցի՝ ֆինանսաբանկային և ապահովագրական ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի աշխատաշուկայի ամենաակտիվ շարժիչ ուժը։
2025 թվականին ֆինանսաբանկային և ապահովագրական ոլորտը պահպանել է առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով ընդհանուր աշխատաշուկայի 20.8%-ը։ Ոլորտում հիմա ներգրավված է շուրջ 20,902 մասնագետ։
Ոլորտի կարևորագույն ցուցանիշներից է միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ աճը։ Եթե 2024-ին այն կազմում էր 838,000 ՀՀ դրամ, ապա 2025-ին հասել է 1,104,400 ՀՀ դրամի (ներառյալ հարկերը)։ Սա հանրապետության երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ զիջելով միայն ՏՏ ոլորտին։
Ովքե՞ր են ամենաակտիվ գործատուները
Հավաքագրման ծավալներով առաջատար են հիմնականում խոշոր բանկերը։ 2025 թվականի ամենաակտիվ գործատուների թոփ հնգյակն ունի հետևյալ պատկերը.
- Ֆասթ բանկ
- Ամերիաբանկ
- Արդշինբանկ
- ԱյԴի Բանկ
- Էվոկաբանկ
Ակտիվ գործատուների տասնյակում ընդգրկված են միայն բանկեր՝ բացառությամբ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի։
Ի՞նչ հմտություններ են պետք ոլորտում աշխատելու համար
Ոլորտի թվային տրանսֆորմացիան հանգեցրել է պահանջվող մասնագիտությունների կառուցվածքային փոփոխության։«Բանկային և վարկային գործը» մնում է հիմնական ուղղությունը, 2025-ին առաջին անգամ ամենապահանջված տասնյակում են հայտնվել ՏՏ անվտանգության և Պրոդուկտի կառավարման մասնագետները։
Ամենապահանջված մասնագիտական ուղղություններն են
- բանկային և վարկային գործը,
- հաշվապահությունը,
- վաճառքն ու սպասարկումը,
- ֆինանսների կառավարումը։
Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ու տեխնոլոգիաների շարքում են
- MS Excel-ը. պահանջվում է առանձին, խորացված մակարդակով իմացություն,
- մասնագիտական ծրագրերը՝ ArmSoft և LSoft ծրագրային ապահովումների տիրապետում,
- ՏՏ հմտությունները. ծրագրավորման և տվյալների անվտանգության գիտելիքներ (հատկապես ֆինտեխ ուղղվածությամբ)։
Ինչպես այլ ոլորտներում, այստեղ ևս փափուկ հմտությունները կոշտ հմտություններին ոչ մի կերպ չեն ստորադասվում։
Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները և հաճախորդների հետ աշխատանքի ծավալները՝ գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններն են.
- թիմում աշխատելու ունակությունը,
- ժամանակի կառավարումը,
- բանակցային հմտությունները,
- մանրուքների նկատմամբ ուշադրությունը,
- խնդիրների լուծումը,
- ճկունությունը,
- կոնֆլիկտների արդյունավետ լուծումը։
Սեռերի միջև աշխատավարձային ճեղքվածքը զգալի է։ Տղամարդկանց միջին վարձատրությունը ֆինանսաբանկային ոլորտում կազմում է 940,245 դրամ, ինչը 1.9 անգամ գերազանցում է կանանց վարձատրությանը (507,005 դրամ)։ Սա հիմնականում պայմանավորված է ղեկավար պաշտոններում տղամարդկանց գերակշռությամբ։












