ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանը առաջին անգամ արտահանել է միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք։
«Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ վերջին ամիսներին տարբեր հրապարակային ելույթներում արդեն անդրադարձել էր այն փաստին, որ մի շարք հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։
Նրա խոսքով՝ 2026 թվականի մայիսին հայկական երեք ընկերություն երկու տարբեր երկրներ զենքի արտահանում է իրականացրել։
Նախարարը նշել է, որ հայկական ընկերությունները հաղթահարել են «բավականաչափ բարդ խրթին լոգիստիկ ճանապարհները» և տարբեր դժվարություններ մինչև արտադրանքը նպատակային երկրներ հասցնելը։
«Հայկական ինժեներական միտքը գեներացվել է, վերածվել է վերջնական արտադրանքի և արտահանվել է Հայաստանից»,- նշել է նախարարը։
Նախարար Մխիթար Հայրապետյանի գնահատմամբ՝ ռազմարդյունաբերության զարգացումն ու արտահանման կարողությունների ձևավորումը վերջին տարիներին եղել են կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը, ինչի համար իրականացվել են միլիարդավոր դրամների ներդրումներ, որոնք շարունակական են լինելու նաև ապագայում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Արտաքին գործերի նախարարությանը, նաև հայրենական ռազմարդյունաբերողներին և գործընթացում ներգրավված գործընկերներին։
«Սա մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է»,- եզրափակել է նախարարը։












