Աննախադեպ՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ. Նիկոլ Փաշինյանը ամփոփել է տարին ֆինանսաբանկային համակարգում

Վերջին լուրերը
Աննախադեպ՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ. Նիկոլ Փաշինյանը ամփոփել է տարին ֆինանսաբանկային համակարգում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը, փոխանցում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած բարդ ու հակասական, մարտահրավերներով լի տարուն, ֆինանսաբանկային համակարգում բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

- Advertisement -
Աննախադեպ՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ. Նիկոլ Փաշինյանը ամփոփել է տարին ֆինանսաբանկային համակարգում

«Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր: Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ»,-ասել է վարչապետը:

Նա նաև հայտնել է, որ 2022թ. բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Փաշինյանի կարծիքով՝ 2022 թվականին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը կլանել է համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էր կլանել: Նա հույս է հայտնել, որ հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ կլինենք:

«Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն: Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ: Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի գնահատականով՝ Կառավարություն-Կենտրոնական բանկ-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հաջողվել է գնաճը կառավարել այնպես, որ այն էական ազդեցություն չունենա աղքատության վրա: Որպես հիմնավորում՝ նա նշել է, որ տարվա ավարտին միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի:

Փաշինյանը նաև նախանշել է համագործակցության 2 ուղղություն Կառավարության և բանկային համակարգի միջև. «Առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետև զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը՝ այնուամենայնիվ, հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: Ես, անկեղծ ասած, բնակաբանար, շատ հաճախ եմ նման իրավիճակների հետ առերեսվում, և մենք պետք է կարողանանք մեր սիրելի հայրենակիցներին, բոլորին մի տրամաբանություն հաղորդել, օգնել հաստատվել մի տրամաբանության մեջ, որը հետևյալն է. իհարկե, հասկանալի է, որ երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում, իսկապես այնպիսի իրավիճակներում, որոնք առանձին պետք է քննարկենք: Բայց ընդհանուր առմամբ ֆինանսական և քաղաքական, քաղաքացիական գրագիտության և կայունության, զարգացման ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ յուրաքանչյուրը պիտի պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները»: Նա ավելացրել է նաև, որ 2020թ. տեղի ունեցած եվրոբոնդերի թողարկումը առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ կարելի է ներդրումներ անել:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»,-ավարտել է իր խոսքը վարչապետը:

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները