Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:
2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։
LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:
«Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար»,- ասել է նա։












