Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է նոր ներդրման մասին՝ luna ստարտափում, որը ներկայացվում է որպես դեռահասների առողջության և բարեկեցության վստահելի ուղեկից։
luna-ն տրամադրում է բժշկական փորձագետների կողմից հաստատված, տարիքին համապատասխան տեղեկություն և աջակցություն դեռահասների համար՝ մի շրջանում, երբ նրանք նոր են ձևավորվում ու հաճախ չունեն վստահելի աղբյուրներ։ Ըստ ընկերության՝ ապատեղեկության լայն տարածման պայմաններում, այսպիսի հարթակների անհրաժեշտությունը գլոբալ մակարդակում աճում է։
Ստարտափը հիմնադրվել է Օքսֆորդի համալսարանում և ստեղծվել է երկու կին հիմնադիրների՝ Ջաս Շեմբրի-Սթոթհարթի (Յակուբյան) և Ջո Գուդալի կողմից։ Luna-ն ծնվել է հիմնադիրների անձնական փորձից՝ որպես այն առողջապահական կրթության և աջակցության բացը լրացնելու փորձ, որըն իրենք էլ չեն ունեցել դեռահաս տարիքում։ Սկզբում կենտրոնանալով դեռահաս աղջիկների վրա՝ հարթակը ժամանակի ընթացքում դարձել է վստահելի գործիք ընտանիքների, դպրոցների և համայնքների համար տարբեր երկրներում։
AICA-ի փոխանցմամբ՝ luna-ն արդեն ունի նախնական զգալի ներգրավվածություն և ձևավորել է աճող միջազգային համայնք՝ նպաստելով առողջապահական կրթության բացի վաղ փուլում լրացնելուն և առողջ սերնդի ձևավորմանը։
Ներդրումը իրականացվել է AICA-ի մի քանի հրեշտակ ներդրողների կողմից, որոնք մասնակցել են ստարտափի առցանց փիչինգ սեսիային՝ տարբեր երկրներից և ժամային գոտիներից։ Ակումբի գնահատմամբ՝ սա ցույց է տալիս սահմաններ չճանաչող, կապակցված ներդրումային համայնքի ուժը՝ սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափներին աջակցելու հարցում։
AICA-ն ողջունել է luna թիմի միանալը իր ներդրումային պորտֆելին և հայտնել պատրաստակամություն՝ աջակցելու ստարտափի հետագա աճին ու գլոբալ տարածմանը։












