2024-ը հստակ ապացուցեց, որ արհեստական բանականությունը պարզապես անցողիկ մոլուցք չէ ֆինանսական շուկայում։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ այն դարձել է քննարկման առանցքային թեման ներդրողների շրջանում։ Տնտեսական հաշվետվություններում «AI» եզրույթի հիշատակման հաճախականությունը շարունակել է աճել, ինչը նպաստել է արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թանկացմանը։
Ամենախոշոր աճ գրանցած Russell 1000 ցուցանիշի ընկերություններից երեքը հաջողության իրենց հիմքում նշում են արհեստական բանականության կիրառությունը։ Applovin ընկերությունը, օրինակ, արձանագրել է գովազդային եկամուտների 66% աճ, որը պայմանավորված է արհեստական բանականության մոդելների կատարելագործմամբ։ 2024-ին Applovin-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 740%-ով։
Palantir Technologies-ի բաժնետոմսերն էլ աճել են շուրջ 360%-ով՝ ընկերության արհեստական բանականության հարթակների արդյունավետության շնորհիվ։ Այս տարի ներդրողները մեծ ուշադրություն են դարձրել նաև Vistra և Constellation Energy Group ընկերություններին, որոնք զբաղվում են էներգիայի մատակարարմամբ։ Մասնավորապես, Vistra-ի բաժնետոմսերն ավելացել են 260%-ով, իսկ Constellation-ի բաժնետոմսերը՝ 90%-ով։
Nvidia-ն, որին հաճախ անվանում են «AI հեղափոխության խորհրդանիշ», իր բաժնետոմսերի արժեքն ավելացրել է մոտ 180%-ով, շարունակելով 2023-ի եռակի աճը։ Broadcom-ը նույնպես ցուցադրել է զգալի աճ՝ հասնելով $1 տրիլիոն շուկայական կապիտալիզացիայի։