Հայտնի է 2022 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընկերությունների վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները:
Տասնյակի մեջ ներառված են 3 հանքարդյունաբերական ոլորտի կազմակերպություններ, հանրային ծառայություն մատուցող 2 կազմակերպություն, վերամշակող կազմակերպությունները ևս 2-ն են, 1 մանրամեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություն և 1 ՏՏ ոլորտի կազմակերպություն:
Այսպիսով, առաջին 10 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, նրան զիջում է «Գազպրոմ Արմենիան», ըստ հաջորդականության ցանկը շարունակում են Պաշտպանության նախարարությունը, Գրանդ Տոբակոն, Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը, Ֆլեշը, Թեղուտը, Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Հայաստանի Էլեկտրական ցանցերը, իսկ տասնյակը եզրափակում է «Սոֆթ Կոնստրակտը»
1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են վճարել ավելի քան 327 մլրդ դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ աճը կազմել է 67 մլրդ դրամ` ավելանալով 25 տոկոսով: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։