ՀՀ բանկային համակարգի շահույթը տարվա առաջին կիսամյակում աճել է 10%-ով, շուկայի առաջատարները նույնն են

Վերջին լուրերը
Մերի Խաչատրյան
Մերի Խաչատրյան
Ինչո՞վ պետք է զբաղվի ֆինանսիստը, ում մոտ նաև գրելն է ստացվում։ Բարդ մաթեմատիկական հաշվարկից հետո հասկացա, որ պատասխանը ֆինանսական լրագրությունն է ու այժմ երջանիկ եմ։

ՀՀ բանկային համակարգի 17 բանկերի 2026 թվականի առաջին կիսամյակի հրապարակված տվյալներով՝ բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է շուրջ 214.3 մլրդ դրամ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր մոտ 194.7 մլրդ դրամ։

Բանկերի համախառն զուտ շահույթը մեկ տարում աճել է շուրջ 10%-ով։

Շահույթի ծավալով առաջատարը շարունակում է մնալ Արդշինբանկը։ 2026 թվականի առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է մոտ 68.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գրեթե չի փոխվել, սակայն բանկը շարունակում է ապահովել համակարգի ընդհանուր շահույթի մոտ 32%-ը։

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ շուրջ 40 մլրդ դրամ զուտ շահույթով։ 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ բանկի շահույթն աճել է մոտ 23%-ով կամ 7.5 մլրդ դրամով։

Միասին Արդշինբանկն ու Ամերիաբանկն ապահովել են ներկայացված 17 բանկերի ընդհանուր զուտ շահույթի ավելի քան 50%-ը։ Շահութաբերության առումով հայկական բանկային շուկան շարունակում է զգալիորեն կենտրոնացված մնալ երկու խոշոր խաղացողների շուրջ։

Շահույթի աճի տեմպով ամենաարտահայտված արդյունքը գրանցել է Ամիօ բանկը։ Բանկի զուտ շահույթը 2025 թվականի առաջին կիսամյակի մոտ 3.2 մլրդ դրամից 2026-ի առաջին կիսամյակում հասել է 9.4 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 194%-ով։

Նկատելի աճ ունեն նաև ՎՏԲ-Հայաստան բանկը՝ մոտ 51%, Արմսվիսբանկը՝ շուրջ 43%, և Արարատբանկը՝ մոտ 30%։ Էվոկաբանկի զուտ շահույթը կազմել է մոտ 8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 7.5 մլրդ դրամի դիմաց, այսինքն՝ աճը կազմել է շուրջ 7%։

Որոշ բանկերի մոտ առաջին կիսամյակում շահույթը նվազել է։ Ամենամեծ անկումը գրանցվել է Ֆասթ բանկի դեպքում․ զուտ շահույթը մոտ 3.4 մլրդ դրամից նվազել է մինչև 2 մլրդ դրամ։ Նվազում կա նաև Ինեկոբանկի, Բիբլոս բանկի, Յունիբանկի և Ակբա բանկի ցուցանիշներում։

ՀՀ բանկային համակարգի շահույթը տարվա առաջին կիսամյակում աճել է 10%-ով, շուկայի առաջատարները նույնն են

Ակտիվների ծավալով շուկայի առաջատարները նույնպես Արդշինբանկն ու Ամերիաբանկն են։ 2026 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Արդշինբանկի ակտիվները կազմել են մոտ 2.87 տրլն դրամ, իսկ Ամերիաբանկինը՝ մոտ 2.64 տրլն դրամ։ Այս երկու բանկերին միասին բաժին է ընկնում ներկայացված բանկերի ընդհանուր ակտիվների մոտ 40%-ը։

Միջին-խոշոր հատվածում են Ակբա բանկը՝ մոտ 1.14 տրլն դրամ ակտիվներով, և Ինեկոբանկը՝ մոտ 1.02 տրլն դրամով։ Այդ շեմին մոտ է նաև Ամիօ բանկը, որի ակտիվները կազմել են շուրջ 952 մլրդ դրամ։

ՀՀ բանկային համակարգի շահույթը տարվա առաջին կիսամյակում աճել է 10%-ով, շուկայի առաջատարները նույնն են

Վարկային պորտֆելի մասով առաջին տեղում է Ամերիաբանկը՝ մոտ 1.96 տրլն դրամ ցուցանիշով։ Երկրորդը Արդշինբանկն է՝ մոտ 1.67 տրլն դրամով, երրորդը՝ Ակբա բանկը՝ շուրջ 702 մլրդ դրամով։

Ամերիաբանկի և Արդշինբանկի վարկային պորտֆելները միասին կազմում են ներկայացված բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 43%-ը։ Առաջատար եռյակին՝ Ամերիաբանկին, Արդշինբանկին և Ակբա բանկին, միասին բաժին է ընկնում վարկային պորտֆելի ավելի քան 51%-ը։

ՀՀ բանկային համակարգի շահույթը տարվա առաջին կիսամյակում աճել է 10%-ով, շուկայի առաջատարները նույնն են
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները