Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդեն երկու տարիների հաղթողներին: Մրցույթն իրականացվում է երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկի ԿՍՊ նախաձեռնությունների շրջանակում, որի արդյունքում շուրջ 360 ուսանող ստացել է կրթաթոշակ:

«Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքով, միևնույն ժամանակ` ոգեշնչվել իրենցով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

«Ուսումը և շարունակական զարգացումն Ամերիայի կարևոր արժեքներից են։ Այդ պատճառով մենք տարիներ շարունակ համագործակցում ենք բուհերի հետ, կիսվում մեր փորձով և ստեղծում հնարավորություններ, որպեսզի երիտասարդները ձեռք բերեն գործնական փորձ և սկսեն իրենց մասնագիտական ուղին»,- նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:

«Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողների հետ հանդիպման նպատակը ոչ միայն հաղթանակը նշելն էր, այլև նոր գաղափարներով կիսվելը, փորձի փոխանակումը, նրանց հետ շփումը, կապերի ամրապնդումն ու պարզապես յուրահատուկ օր ունենալը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև բուհերի ներկայացուցիչներ: Մասնավորապես, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆինանսատնտեսական վարչության պետ Յուրի Զաքարյանը, անդրադառնալով մրցույթին, նշեց. «Շատ գոհ եմ այս մոտեցումից, երբ գործատուն ուշադրության կենտրոնում է պահում ուսանողներին: Նման նախաձեռնությունները շատ են ոգևորում ուսանողներին, մոտիվացնում են, քանի որ դեռ սովորելու ընթացքում ուսանողները հասկանում են, որ մեծ բրենդերը, բիզնեսները հետաքրքրվում են իրենցով»:
«Նման ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս իրենց ուսումնառությունը շարունակել շատ ավելի բարենպաստ պայմաններում: Հայաստանում ֆրանսիական համալսարանից ունենք վեց ուսանող, ովքեր դարձել են ծրագրի շահառու. արդեն հանդիպեցի նրանց և կարող եմ փաստել իրենց ոգևորվածությունը»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի համագործակցությունների և զարգացման գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը:
«Երբ ուսանողները կարողանում են շփվել գործատուի հետ, իրենց մոտ առաջանում է գիտակցում, թե որքան կարևոր գործով են իրենք զբաղված սովորելիս, որքան կարևոր է անել այն` ինչ որ անում են, և ոչ թե գնահատականի, այլ իրական նպատակների համար»,- ասաց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն ու Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Մրցույթի ամփոփիչ հանդիպման առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները, կարևոր որոշումները և հաջողության ճանապարհը։ Միջոցառման օրակարգը հագեցած էր. ինտերակտիվ պանելային քննարկում, խաղեր, խոսնակների հաջողության պատմություններ և այլն:
Իրենց փորձով և Ա կետի պատմությամբ ներկաների հետ կիսվեցին դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:
«Ա կետը սկզբնակետի սիմվոլն է, ու քանի որ մենք, որպես ուսանող, մեր կյանքի սկզբնակետում ենք և պետք է կառուցենք մեր ուղին, կարծում եմ` սիմվոլիկան ճիշտ է ընտրված»,- նշեց միջոցառման մասնակից ու մրցույթի հաղթողներից Տարոն Մկրտումյանը:
Կազմակերպիչների խոսքով` առաջիկայում ուսանողների համար սպասվում են նոր հետաքրքիր առաջարկներ, իսկ նորությունների մասին առաջինն իմանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի AmeriaStudent Telegram-յան ալիքին:












